Դերասան Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպի դեպքում եթե պարզվի, որ մեղավոր կա, ապա նա կպատժվի, ընդհուպ՝ մինչեւ աշխատանքից կազատվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ ծանոթ է դերասանի մոր՝ Աննա Աղասարյանի «Ֆեյսբուքում» հրապարակած երկխոսությանը, այժմ ճշտումներ է անում, իսկ «Շտապօգնության» 2-րդ բրիգադի աշխատակիցների հետ հանդիպելու է երկուշաբթի, որպեսզի պարզի եղելությունը:
Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ Սոս Ջանիբեկյանը, ըստ երեւույթին, թունավորվել էր, իրեն «Շտապօգնության» առաջին բրիգադը տեղափոխել է Հանրապետական հիվանդանոց, «Շտապօգնության» բժիշկը հերթապահ բժշկին ներկայացրել է, թե ինչ հիվանդ են բերել եւ թողել են նրան հիվանդանոցում: Թագուհի Ստեփանյանը շեշտում է, որ եթե անգամ բժիշկը չի ասել, թե ինչ են սրսկել, ապա հիվանդանոցի բժիշկը կարող էր կապ հաստատել նրա հետ եւ ճշտել: Իսկ դերասանի մոր դժգոհությանը, թե անձեռոցիկը վերջացել էր, զուգարանի թուղթ տվեցին որդուն, «Շտապօգնության» ղեկավարը նշեց, որ դա արդեն եղել է հիվանդանոցում, ոչ իրենց մոտ:
Այնուհետեւ պարզվել է, որ նրա մոտ սննդային թունավորում է, եւ անալիզ տալու համար պետք է տեղափոխեն «Նորքի ինֆեկցիոն» կենտրոն: Նորից են կանչել «Շտապօգնություն», այս անգամ նրանց սպասարկել է 2-րդ բրիգադը:
«Ճանապարհին որ փսխում էր, մեկանգամյա օգտագործման սավան է գցվել իր վրա, որ հանգիստ շարունակի սիրտ թափել: Եթե վերմակը մաքուր չի եղել, իհարկե, դա լավ չէ, պատասխանատուները՝ այդ ենթակայանի ավագ բուժքույրը, տնտեսվարը, պետք է հետեւեին, որ ամեն ինչ նորմալ լինել: Մյուս կողմից էլ, այդ րոպեին չենք կարող ամբողջը ստերիլիզացնել, ամեն տեղից էլ հիվանդներ են լինում՝ փողոցից, տնից: Ամեն դեպքում բժշկական ոչ մի սխալ չի եղել, իսկ մնացած հարցերով կզբաղվենք»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
«Շտապօգնության» տնօրենը շեշտեց, որ եթե պարզվի, որ հրապարակված երկխոսությունը ճիշտ է, ապա աշխատանքից պետք է ազատել բուժքրոջը, բայց ամեն ինչը պարզաբանելուց հետո միայն մեղավորին կպատժեն, իսկ առայժմ ոչինչ չեն կարող ասել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դերասան Սոս Ջանիբեկյանի մայրը՝ Աննա Աղասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երեկ վերադառնալով Մոսկվայից տղաս վատացավ շտապ օգնության մեքենան մեզ տարավ հիվանդանոց:
Բժիշկ.-Ինչ է սրսկել շտապօգնության բժիշկը։
Ես.-Այդտեղ գրված չէ՞։
-Չէ, բա մենք հիմա ոնց իմանաք ինչ է սրսկել, որ նույնը չսրսկենք։
-Նա պարտավոր էր գրել չէ՞։
-Մոռացել է:
Սոսը շարունակ փսխում էր, իմ անձեռոցիկները վերջացել էր ու ես խնդրեցի բուժքույրերից:
-Չկա, սա հիվանդանոց է, կաֆե չէ, որ անձեռոցիկ տանք:
-Խնդրում եմ, գոնե բինտ կամ բամբակ տվեք:
Քիչ անց, «դաժանության» քույրը բերում է զուգարանի թուղթ, երի մոտակա զուգարանից, ու ես սարսափով նայում էի, թե ինչպես է անօգնական որդիս դրանով մաքրում բերանը:
-ԲԱԿ անալիզ պիտի արվի:
-Արեք
-Մենք չունենք:
-Որտեղ կա:
-Նորքի հիվանդանոցում:
-Նորից շտապօգնություն են կանչում:
Սոսը դողցնում է, վերմակ են քցում վրեն, վերմակի վրա չորացած փսխանքի հետքեր են:
-Վերմակը կեղտո՞տ է։
-Շտապօգնությունը լվացքատուն չունի:
-Բայց կարող է դուք սրանով տիֆով հիվանդ եք տեղափոխել հիմա գցել եք իմ երեխու վրա՞։
-Դե մենք ինչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է:
-Ես թերթում կգրեմ այս մասին:
-Դրանից բան չի փոխվի, մենակ մեզ գործից կհանեն»:




























