Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ Բին Մուբարաքը հրաժարական է տվել նշանակվելուց երկու օր անց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրը նշում է, որ տվյալ քայլին վարչապետին դրդել են շիա ապստամբների բողոքները, որոնք չեն ընդունում Մուբարաքի թեկնածությունը: Վարչապետին խնդրել են հրաժարական տալ երկրում հետագա «պառակտում եւ տարաձայնություններ» թույլ չտալու համար:

Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին համաձայնել է ազատել Բին Մուբարաքին նոր կառավարություն ձեւավորելուց:

Աղբյուրը հիշեցնում է, որ Բին Մուբարաքը վարչապետ էր նշանակվել հոկտեմբերի 7-ին: Սպասվում էր, որ Մուբարաքը նոր կառավարություն կձեւավորեր` ըստ նախագահի եւ մի քանի կուսակցությունների, այդ թվում նաեւ շիա ապստամբների «Ալ Հուս» շարժման հետ պայմանավորվածության: Սակայն վերջինս հայտարարել է, որ չի ճանաչում Մուբարաքի թեկնածությունը:

Խմբավորումը Եմենում գործում է 1994 թ.-ից, այն զինված շիա կազմակերպություն է, որը վերահսկում է երկրի հյուսիսային տարածքների մի մասը: