Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավոր՝ 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի գործով նախաքննությունն ավարտական փուլում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:
Նա տեղյակ է, որ մեղադրական եզրակացությունն են գրում՝ մոտավորապես 180 էջ, նախաքննության վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է: «Մյուս մեղադրյալին ազատելու խնդիր կա, եթե մինչեւ այդ գործը դատարան չմտցնեն, ստիպված են նրա խափանման միջոցը փոխել, բայց իմ պաշտպանյալի մասով կառանձնացնեն, մյուսի մասով կուղարկեն դատարան, բայց ես այդ գործով մեկ ուրիշի պաշտպանն էլ եմ, այնպես որ կլինեմ դատարանում»,-ասաց նա:
Հակոբ Ճարոյանը տեղեկացրեց, որ Սուրեն Գաբրիելյանը ամուսնացած է, ունի երեխաներ եւ թոռներ: Նա նախկինում աշխատել է Կառավարությանն առընթեր Հատուկ ծրագրերի վարչության հատուկ կենտրոնի ղեկավար, մասնակցել է նաեւ ղարաբաղյան պատերազմին: Ինչ վերաբերում է Շվեյցարիա գնալուն եւ այնտեղ բուժվելու ծախսերին, փաստաբանը տեղեկացրեց, որ դա կհոգա իր ընկերը, ինչպես նաեւ կդիմեն միջազային կառույցներին: Փաստաբանը նաեւ նշեց, որ Վրաստանում գտնվող եւ այնտեղ վիրահատված Սուրեն Գաբրիելյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, նա անվասայլակին է:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոցը՝ կալանք: Արտաքին նշաններն են. հասակը՝ 165 -170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով: Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Փաստաբանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել, որ նրա փախուստի մեջ մեղավոր են նրանք, ովքեր մերժել են իր միջնորդությունները եւ կալանավորին ազատ չեն արձակել՝ հիմք ընդունելով նրա մոտ առկա պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները: Մասնավորապես, պաշտոնյանների կողմից անտեսվել են օրենքի պահանջները եւ պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում կալանավորին դրդել են փախուստի, մինչդեռ եթե օրենքի պահանջները կատարեին, նա չէր դիմի փախուստը:



























