Ոստիկանները հայտնաբերել են հոկտեմբերի 11-ին Երեւանում կատարված սպանության մեջ կասկածվողին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քանաքեռի գնացքի գծերի վրա տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող զորամասի հարեւանությամբ հայտնաբերել էր մոտ 25-30 տարեկան տղամարդու դիակ` գլխի ձախ քունքային շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 24-ամյա Լեւոն Բունիաթյան:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ին, Երեւանի Պ. Սեւակի փողոցի թիվ 105 շենքի մոտ 28-ամյա Արթուր Ե.-ին պատկանող «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, 23-ամյա Տարոն Գալուստովը դեռեւս չպարզված տիպի ատրճանակից մեքենայի սրահի հետնամասից կրակել է առջեւում նստած Լ. Բունիաթյանի գլխի ձախ քունքային հատվածին, այնուհետեւ տաքսու վարորդին զենքի սպառնալիքով ստիպել է դիակը տեղափոխել Ծ. Աղբյուրի փողոցում գտնվող զորամասին հարակից էլեկտրասյան սյան մոտ եւ հանելով դիակը մեքենայից` գետնին գցած վիճակում, երկրորդ անգամ կրակել է ծոծրակին ու նույն ավտոմեքենայով հեռացել:
Հոկտեմբերի 12-ին Տարոն Գալուստովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների արդյունքում` հոկտեմբերի 12-ին, ժամը 19.10-ին, Գալուստովը ներկայացել է ոստիկանություն եւ հանձնվել ՀՀ քննչական կոմիտե:
Տարոն Գալուստովը կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Բացահայտվել է երիտասարդի սպանությունը. Մեղադրվում է ոմն Գալուստով




























