Շփման գծում վիրավորված զինծառայողի առողջական վիճակը ծանր կայուն է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Նա գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում:

Մեր տեղեկություններով՝ զինծառայողը Էջմիածնից է, զորակոչվել է 2013թ գարնանը, պետք է զորացրվի 2015թ գարնանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադեւոսյանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է: