Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվողներ Սամվել Դիլոյանը եւ Արեն Վերանյանը հոկտեմբերի 13-ին հացադուլ են հայտարարել եւ գրիչի զսպանակի միջոցով կարել են բերանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնից:

Նրանց փոխանցմամբ՝ Սամվել Դիլոյանը եւ Արեն Վերանյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրանք գտնվում են «Վանաձոր» ՔԿՀ-ում: Եղբայրը՝ Արտակ Վերանյանը, գտնվում է »Վարդաշեն» ՔԿՀ-ում, վերջինս մեղադրվում է ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նա պարզապես հացադուլ է հայտարարել: Ամբաստանյալները բողոքում են իրենց քրեական գործից:

NEWS.am-ի տեղեկություններով՝ փաստաբանի սպանության գործով հերթական դատակամ նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին, կալանավորների հարազատները հայտարարել են, թե 200 հոգով գալու են դատարան: