Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է եռյակի միացյալ հարթակի օրակարգը: Այսօր` հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց պահանջներ, որոնք եռյակը պարտավոր է կատարել:
1. Պետք է Ազգային ժողովում սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու գործընթացը:
2. ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին` որպես հանցագործների եւ հետամուտ է լինելու նրանց քրեական հետապնդմանը եւ օրինական դատավճռով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատվի նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կողմից:
3. Ապօրինի սեփականաշնորհված եւ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը: ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ապօրինի ձեռք բերված ունեցվածքի վերադարձը պետությանը:
4. Հակակշռող եւ զսպող օրենքների ընդունում, ընդդիմությունը վերահսկողական լծակների տրամադրում:
5. Բոլոր այն դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում եւ դատապարտում, ովքեր ներգրավված են եղել քաղաքական հետապնդումների գործերում:
6. Ոստիկանություն, ԱԱԾ-ի եւ բանակի բոլոր այն պաշտոնատար անձանց հետապնդում եւ դատապարտում, ովքեր մասնակիցն են եղել քաղաքական սպանությունների, հետապնդումների, հալածանքների եւ բռնաճնշումների:
7. Ժամանակավոր անցումային կառավարության ձեւավորում, որը կգործի առավելագույնը վեց ամիս եւ կիրագործի վերոնշյալը` մինչեւ օրինական իշխանության ձեւավորում:
8. Արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այս պահանջներն ինքն է առաջ քաշել եւ դա կապ չունի կուսակցության հետ:
Նշենք, որ եռյակը հոկտեմբերի 24-ին նախաձեռնում է հանրահավաք, որի ժամանակ քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց միասնական օրակարգը:




























