![](img/news/27/59/69/default.jpg)
Ցուցարարների նկատմամբ ոչ մի ուժ չի կիրառել, այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես նախկին փոխոստիկանապետ, ինչպե՞ս է մեկնաբանում հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների իրականացրած գործողությունները, երբ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրվեց ու ջրցան մեքենա գործի դրվեց:
«Շատ նորմալ, ոչ մի ուժ չի կիրառել: Ես գտնում եմ, որ ոստիկանությունն իր առջեւ դրված խնդիրները կատարել է, եւ ես այնտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- հայտարարել է Երիցյանը:
Իսկ երբ լրագրողները նկատեցին, որ անգամ ոստիկանապետն է ասում, որ այդ օրը ոստիկանության գործողություններում սխալներ են եղել, եւ այժմ քննություն է ընթանում, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Ուրեմն պարոն ոստիկանապետին էլ հարցրեք: Դա իմ թեման չի»:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: