Երեւանի փողոցներում LED լուսավորության ապահովման ծրագիր կիրականացվի, որի ընդհանուր արժեքը 6 մլն եվրո է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի ներդրումների ու զարգացման ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է քաղաքի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների 28 փողոցներում LED լամպեր տեղադրել: Այս տարի տեղի կունենան նախագծային աշխատանքներն ու մրցույթի նախապատրաստությունը:
«Նախ, մենք օգուտ կտանք շրջակա միջավայրին, կտնտեսենք էներգիան, երկրորդ՝ կբարելավենք քաղաքի տեսքը»,-հայտարարել է Հարությունյանը:
Ծրագրի 4 մլն եվրոն վարկի տեսքով կհատկացնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, իսկ 2 մլն եվրոն դրամաշնորհի տեսքով կտրամադրի էներգոարդյունավետության եվրոպական հիմնադրամը:
Փողոցների շինարարության կամ կապիտալ վերանորոգման ցանկացած ծրագրի շրջանակներում քաղաքապետարանը փորձում է տեղադրել LED լամպեր: Այդպիսի լամպեր են տեղադրվել Իսակովի պողոտայում, ինչպես նաեւ Կենդանաբանական այգում:
«Տեսականորեն այդ լամպերը կարող են տնտեսել էներգիան մինչեւ 60 տոկոսով: Թե որքան կտնտեսենք, ցույց կտա մոնիթորինգը, որը հիմա իրականացնում ենք»,-ընդգծել է Հարությունյանը: