Սահմանադրության նոր խմբագրությամբ Հայաստանի նախագահը դառնալու է սահմանադրության երաշխավորը: Այդ մասին սեպտեմբերի 4-ին ՀՀ խորհրդարանական լսումներում հայտարարել է սահմանադրագետ, Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հարցերով փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Դրանով են պայմանավորված լինելու նաեւ նրա լիազորությունները, հավելել է նա:
Մասնավորապես նախագահը հետեւելու է խորհրդարանի ու կառավարության գործողությունների համապատասխանությանը սահմանադրությանը ու իրավունք է ունենալու կանխարգելիչ կարգով դիմել Սահմանադրական դատարան, կանխելու համար հնարավոր խախտումները:
Մասնավորապես, ըստ բարեփոխումների նախագծի, ընդունված օրենքները ներկայացվելու են նախագահի ստորագրմանը, բայց նա պարտավոր չէ ստորագրել, եթե դրանք հակասեն Սահմանադրությանը: Եթե պետության ղեկավարը դիմի Սահմանադրական դատարան, ապա մինչեւ դատարանի եզրակացությունը օրինագիծը ուժի մեջ չի մտնի: