News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում: Միաժամանակ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմս Ուորլիքը հաստատել է, որ ղարաբաղյան հարցով հանդիպումը կկայանա հունիսի վերջին, թե ինչ կազմով ու ձեւաչափով՝ համանախագահը չի մանրամասնել:

Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի կնոջը երեք օր անց վերադարձրել են Ադրբեջան: Կարմիր խաչի գրասենյակի միջնորդությամբ կնոջն ադրբեջանական կողմին են հանձնել հայ-ադրբեջանական սահմանին: Նշենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե 39-ամյա կինը հոգեկան խանգարում ունի: Հայրենիք վերադառնալուց հետո նրան տեղափոխել են հոգեբուժարան:

«Քվանտ» վարժարանի սանը հակառակորդի անօդաչուները չեզոքացնող սարք է պատրաստել: Նա այսօր իր ստեղծած սարքը ներկայացրել է վարժարան այցելած Հովիկ Աբրահամանին: Պատանին ասել է, որ գաղափարն իր մոտ ծնվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Այն հնարավորություն է տալիս խլացնել ռադիոալիքները եւ կարող է օգտագործվել ռազմարդյունաբերության ոլորտում:

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելուց 4 օր անց երկու մարդ է ձերբակալվել՝ 39-ամյա Միքայել Սահակյանը եւ 48-ամյա Սերգեյ Ավանեսյանը։ Ընդ որում՝ նրանք Ստեփանակերտի ոստիկանություն են  ներկայացել մեղայականով: Արցախի ոստիկանությունից տեղեկանում ենք, որ երկուսն էլ Ստեփանակերտի բնակիչներ են, կամավորներ: Սահակյանն ու Ավանեսյանը ձերբակալված են։

Մոտ մեկ տարի անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել Արա Բուդաղյանը, որը մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ: Քննչական մարմնից 11 ամիս է պահանջվել՝ պարզելու համար, որ Բուդաղյանը կատարվածի հետ կապ չունի: Նրա վրայից մեղադրանքը հանվել է: Հիշեցնենք, որ Բուդաղյանների ընտանիքը արդեն երկու տասնամյակ թշնամական հարաբերությունների մեջ է Սուրիկ Խաչատրյանի հետ: Նրանց հարաբերությունները նորից լարվել էին 2013 թվականին, ինչի հետեւանքով մարզպետի տան մոտ սպանվել էր Արա Բուդաղյանի ավագ եղբայրը՝ Արան, եւ ոչ ոք սպանության համար պատասխանատվություն չկրեց: Երկու տարի անց Երեւան-Գորիս ճանապարհին կրակել էին Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, Արա Բուդաղյանին առանց հիմնավոր ապացույցների մեղադրանք էր առաջադրվել եւ խափանման միջոց ընտրվել կալանքը:

Հունիսի 9-ի երեկոյան կայծակի հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզում: Կրակը սկսվել է Ջրաշեն գյուղի բնակիչ Լեւոն Հակոբյանին պատկանող փայտաշեն տանը, եւ մինչեւ հրշեջների գալը տարածվել է նաեւ հարակից տանը: Հակոբյանին պատկանող տունն ամբողջությամբ այրվել է: Ընտանիքը մնացել է անօթեւան:

  Դժբախտ պատահար է տեղի ունեցել Իջեւանում:Կեսգիշերն անց Աղստեւ գետի վարարման հետեւանքով փլուզվել են «Քարեւարդ» հիդրոէլեկտրակայանի ամբարտակի երկու պատվարները, ինչի հետեւանքով ՀԷԿ-ի 47-ամյա աշխատակիցն ընկել է Աղստեւ գետը: Վարուժան Գաբրիելյանի մարմինը գտել են առավոտյան՝  Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի հատվածում: Վարուժանը Դիտավան գյուղից էր, երկու երեխաների հայր:

Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ մեկնած՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանց թաղմանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա: էրդողանը ցանկացել է ելույթ ունենալ լեգենդար բռնցքամարտիկի թաղման արարողությանը, սակայն Ալիի ընտանիքը մերժել է: Նրան թույլ չեն տվել նաեւ Մեքքայից բերված սուրբ կտորը դնել Ալիի դագաղի մեջ, ինչից վիրավորված Էրդողանը առանց թաղմանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա:

 

Այս միջադեպն Էրդողանի ամերիկյան այցի միակ վատ հիշողությունը չէ: Այցի վերջնական տապալումն ապահովել են Թուրքիայի նախագահի թիկնապահները: Էրդողանին մեքենայով ճանապարհելիս՝ ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակիցներից մեկն ըստ արարողակարգի փորձել է կանգնել մեքենայի դռան մոտ, ինչը դուր չի եկել Էրդողանի թիկնապահներին, ովքեր քաշքշուկ են հրահրել։

Ֆրանսիայում մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: NEWS.am-ի թղթակիցը Ֆրանսիայից լուսաբանելու է Եվրո 2016-ը, լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությոանը կմասնակցի 24 հավաքական: Ֆավորիտներ են համարվում կազմակերպիչ Ֆրանսիան, աշխարհի չեմպիոն Գերմանիան, Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, նաեւ Անգլիան, Բելգիան, Պորտուգալիան եւ Իտալիան: Առաջին անգամ կլինի 1/8 եզրափակիչ, մինչդեռ նախկինում փլեյ-օֆֆը սկսվում էր քառորդ եզրափակիչից: Փարիզյան ահաբեկչություններից հետո Եվրո-2016-ի կազմակերպիչների համար առաջին տեղում անվտանգության խնդիրն է:  Մրցաշարի մասնակիցների, երկրպագուների անվտանգությունը ապահովելու համար ծախսվել է 45 միլիոն եվրո: Սպասվում է, որ մեկ ամսում Ֆրանսիա կայցելի մոտ 2.5 միլիոն ֆուտբոլասեր: Ֆուտբոլային տոնի մեկնարկը Երեւանի ժամանակով 23:00-ին է: Չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 10-ին կայանալիք եզրափակիչում:

Այսօր արժևորվել է միայն դոլարը, ռուբլին , եվրոն ու ֆունտը թուլացել են: Եվ այսպես, դոլարի փոխարժեքը կազմել է 479, ռուբլունը՝ 7.41, եվրոյինը՝ 540, իսկ ֆունտինը՝ 691 դրամ:

Շաբաթ երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին Երևանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը կհասնի +13-ի, իսկ վաղը ցերեկը՝ +27-ի:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ