News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Սասնա Ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանն այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ, ապա դատարան, որտեղ քննվելու էր նրա կալանավորելու միջնորդությունը։ Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, եւ հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից եւ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող եւ իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։

 «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի 6 անչափահաս երեխաներին օգնելու նպատակով դրամահավաք է մեկնարկել: Երեւանի Հյուսիսային պողոտայում: Մհեր Մազմանյանը ընտանիքի միակ աշխատողն էր, եւ ապրում էր վարձով, եւ այժմ նրա ընտանիքը կարող է հայտնվել դրսում: Հյուսիսային պողոտայում դրամահավաքը կշարունակվի նաեւ օգոստոսի 13-ին:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել: Այսօր դատական նիստին դատախազը ճառով հանդես է եկել առանց տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների: Նրանք նիստի կեսին լքել են դահլիճը, քանի որ դատավորը հրաժարվել է բավարարել միջնորդությունը՝ քաղաքացիական հայցի հետ կապված վճռաբեկ բողոքի համար նիստը 2-3 շաբաթով հետաձգելու վերաբերյալ:

Մոսկվայում այս գիշեր հայն ու ղըրղըզը սքինհեդների զոհ են դարձել: Իրավապահ մարմինների հաղորդմամբ, երեք երիտասարդ եկել են հային պատկանող գարեջրի խանութ, վեճ հրահրել եւ սպանել հայաստանցի Լեւ Քամալյանին եւ հաճախորդ, ղըրղըզ Նուրիկ Մունդուզովին: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ հանցագործությունը տեղի է ունեցել ազգային անհանդուրժողականության հողի վրա։

Անցած տարվա հոկտեմբերին վրաերթի հետեւանքով մահացած Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին եւ նրա կնոջը վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ 2 տարով զրկեց Գեւորգ Գեւորգյանին վարորդական իրավունքից: Վարորդը պարտավորվեց նաեւ շուրջ 2 մլն դրամ հատկացնել Մկրտումյանների հարազատներին: Հիշեցնենք, որ Մհեր Մկրտումյանը վթարից օրեր անց մահացել էր:

Ռիոյի Օլիմպիական խաղերում երրորդ հայ մարզիկը դարձավ մեդալակիր: Ռուսաստանի հավաքականի կազմում հրաձգության մրցաշարին մասնակցեց  Կիրիլ Գրիգորյանը: Հրացանից, պառկած, 50 մետրից մրցաձեւում նա նվաճեց բրոնզե մեդալ:

24-ամյա պետերբուրգցի մարզիկի մարզիչը հայրն է՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Հակոբ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի համար ոսկե մեդալ է նվաճել սուսերամարտիկ Յանա Եգորյանը եւ արծաթե մեդալ՝ սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Սեդա Թութխալյանը:

Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն անցկացրեց երկրորդ մենամարտը: Մրցակիցը Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, կուբացի Ռոնիել Իգլեսիասն էր:

Առաջին ռաունդում Վլադիմիր Մարգարյանը հոնքի պատռվածք ստացավ եւ պահանջվեց բժիշկների օգնություն: Պատռվածքի վրա կար դնելուց հետո հայ մարզիկը շարունակեց մենամարտը, սակայն արնահոսությունը վերսկսվեց եւ մրցավարները կանոնադրության համաձայն, թույլ չտվեցին նրան շարունակել պայքարը՝ հաղթանակը շնորհելով Իգլեսիասին: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ:

1/16 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը 3։0 առավելությամբ հաղթել էր Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին:

«Ինձ բացարձակ չէր ճնշում ու մտահոգում այն, որ ռինգ էի դուրս եկել օլիմպիական չեմպիոնի հետ։ Ավելին, ուրախ էի եւ պատրաստ էի ամեն ինչ անել՝ հաղթելու համար։

Այստեղ ամբողջ աշխարհն է քեզ հետեւում, ու դու ավելի մեծ պատասխանատվություն ես զգում լավ ներկայանալու, քո երկիրը ներկայացնելու համար: Օլիմպիական ռինգում միաժամանակ ապրեցի եւ մեծ ուրախություն, եւ մեծ ափսոսանք»,- NEWS.am Sport-ի թղթակցին ասել է Վլադիմիր Մարգարյանը պարտությունից հետո:

Ռիոյի Օլիմպիական խաղերի լողի մրցաշարին մասնակցեց Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Վահան Մխիթարյանը: Ազատ ոճով 50 մետրում հայ մարզիկը ցույց տվեց 23.50 վայրկյան արդյունք եւ չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Պայքարը շարունակում են 16 ուժեղագույնները: Վահան Մխիթարյանը գրավեց 47-րդ տեղը:

Հայաստանի օլիմպիականներ, աթլետ Գոռ Ներկարարյանը եւ լողորդ Մոնիկա Վասիլյանը չեն մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին։ Օգոստոսի 12-ին պայքարի մեջ պետք է մտներ լողորդ Մոնիկա Վասիլյանը 50 մետր ազատ ոճ մրցաձեւում, սակայն NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ լողորդը ձեռքը վնասելու պատճառով բաց կթողնի Օլիմպիական խաղերում իր մրցելույթը։

Այս օրերին պայքարի մեջ պետք է մտնեն նաեւ հայ աթլետները, ովքեր Խաղերին ներկայացել են վեց օլիմպիականներով: Սակայն հեռացատկորդ Գոռ Ներկարարյանի անունը բացակայում է հայտավորված մարզիկների ցուցակից:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է՝ կազմելով 476 դրամ։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 530, բրիտանական ֆունտինը՝  616, ռուսական ռուբլունը՝ 7.36 դրամ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +23+25, իսկ վաղը ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ