News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում կան հնագիտական բացառիկ հուշարձաններ, որոնք կարեւոր են ուսումնասիրելու ոչ միայն Հայաստանի եւ կից տարածքների, այլեւ առավել մեծատարած շրջանի պատմությունը, որ ներառում է ողջ Հին Արեւելքը` Առաջավոր Ասիա, Հայկական լեռնաշխարհ, Իրանական սարահարթ, Միջագետք եւ Կովկաս: Դրանք հաճախ փոխում են արմատավորված պատկերացումները, թե ինչպիսին է եղել մարդկության վաղնջական եւ հետագա զարգացումը: Այս եւ նաեւ այն մասին, թե այժմ Հայաստանի տարածքում ինչ պեղումներ են ընթանում, NEWS.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:

Հայկական հնագիտական հուշարձանների կարեւորության մասին

«Հին աշխարհի պատմության ամբողջական պատկերը վերականգնելու, հասարակական զարգացման այնժամ ընթացող պրոցեսները հասկանալու համար հայաստանյան հնագիտական հուշարձանները ունեն սկզբունքային նշանակություն։ Եթե չունենաինք հայաստանյան տվյալները, աշխարհի անցուդարձերը պատկերացնելու էինք ոչ ստույգ կամ թերի։ Մարդագոյացման ամենավաղ փուլերից սկսած այստեղ ընթացել են պրոցեսներ, որոնք ընդարձակ տարածքներում հսկայական ազդեցություն են գործել քաղաքակրթությունների զարգացման, հասարակությունների ձեւավորման եւ սփռման վրա»,- ասում է Պավել Ավետիսյանը։

Այդ իսկ պատճառով արտերկրի գիտական առաջատար կենտրոնները խիստ հետաքրքրված են հայկական հնագիտական հուշարձաններով: Հնագիտության ինստիտուտը տարեկան իրականցնում է շուրջ 15-16, իսկ երբեմն էլ 30 միջազգային համատեղ ծրագրեր, որոնց մասնակցում են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարանների մասնագետները: Նրանք գործուղում են այստեղ ոչ միայն հնագետների, այլեւ տարբեր մասնագետների, քանի որ հնագիտական օբյեկտների տվյալները վերաբերվում են մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներին` ուսումնասիրում ենք հնագույն երկրագործությունը, անասնապահությունը, որսորդությունը, հանրային կարգը, էկոլոգիական միջավայրը, ուտեստն ու սնունդը, հագուկապը, պատերազմները, արհեստները, հումքի աղբյուրները, ճանապարհները, քաղաքաշինությունն  ու շինարվեստը, արվեստն ու ծեսերը…:

Պավել Ավետիսյանը թվարկում է համատեղ գիտարշավները, որոնք ներկա պահին ընթանում են Հայաստանում. հայ-իսրայելական խումբն աշխատում է Արագածոտնում, հայ-ռուսական արշավախումբը մաքրում է Քարե դարի մի հուշարձան Տաշիրում` Կուրթան գյուղի հարեւանությամբ, հայ-լեհական անձնակազմ է աշխատում Մեծամորում:

Հայաստանյան հետազոտությունների գիտական կարեւորության վկայությունը հոդվածներն են` հրապարակված ամենահեղինակավոր պարբերականներում` Nature, Science կամ Cell:

Թութանհամոնի դամբարանը եւ Արենիի քարանձավի հնագույն կոշիկը

Պավել Ավետիսյանը պատմում է, որ Արենիի քարանձավում գտնված ամենահին կոշիկի մասին լուրը հայ գիտնակաները չեն տարածել, այլ գիտարշավի մասնակից օտարազգի գիտնականները: Սկզբում գտածոն ծանուցող հոդվածը լույս տեսավ National Geographic-ում, ապա վերատպվեց այլ պարբերականներում: Ինտերնետային ցանցում միլիարդից ավելի դիտում է եղել: Հնագիտական միջավայրում, ասում է ինստիտուտի տնօրենը, մինչեւ այժմ այդպիսի հռչակ վայելել է միայն Թութանհամոնի դամբարանը:

Դաշտային աշխատանքներ

Պավել Ավետիսյանի պարզաբանմամբ, ինստիտուտն իրականացնում է մի քանի տեսակի դաշտային աշխատանք. ինստիտուտի ծրագրերով նախատեսված գիտական պեղումները, հուշարձանների վերականգնման աշխատանքների ծրագրով կատարվող պեղումներ, վթարային հուշարձանների պահպանման պարբերական աշխատանքներ, եւ նաեւ արտակարգ աշխատանքներ` որեւէ հուշարձանի վերացման վտանգի դեպքում: Պատահում է նաեւ, որ հնագիտական նյութ է հայտնաբերվում դիպվածով շինարարության ընթացքում, եւ այնտեղ է գործուղվում արշավախումբ:

Օրինակ, մի արշավախումբ այժմ աշխատում է Կապանում` պոչամբարի մոտ: Նախնական դիտարկումներով պարզվել է, որ պոչամբարի բարձրացող ջուրը կարող է ծածկել հնագիտական շերտերը: Ներկայումս հանքը շահագործող կազմակերպության ֆինանսավորմամբ այնտեղ անցկացվում է հետազոտություն: Եթե այդ վայրում բացվեն մոնումենտալ շինություններ եւ հայտնաբերվեն արժեքավոր նմուշներ, ապա կառավարութունը պետք է ընդունի հատուկ որոշում հուշարձանի եւ պոչամբարի վերաբերյալ: Եթե այնտեղ պարզապես հետքեր են, ապա բավարար կլինի այն ֆիքսելը, հնագիտական ամբողջ նյութը վերցնելը եւ տեղանքը փակելը: Ամեն բան կախված կլինի արշավախմբի աշխատանքի արդյունքներից:

Հյուսիս-հարավ ճանապարհը եւ Ագարակի հնագիտական հուշարձանը

«Հյուսիս-հարավ ավտոճանապարհը, ըստ նախագծի, պետք է անցնի Արագածոտնի մարզի Ագարակի բնակատեղիի հյուսիսային եզրով: Դեռեւս խորհրդային տարիներին Երեւան-Գյումրի մայրուղու կառուցման ժամանակ հուշարձանի հյուսիսային մասը բաժանվել էր երկու մասի: Նոր կառուցվող Ճանապարհի հետ հարաբերվող հատվածի պեղումների ընթացքում (այս պեղումների ֆինանսական միջոցները տրամադրել է ճանապարհաշինությունն իրականացնող կազմակերպությունը) մտածում էինք, որ պեղելու ենք հուշարձանի եզրային հատվածները, որտեղ հազիվ թե արժեքավոր կառույցներ կամ շերտեր կարող են լինել, հետեւաբար ճանապարհաշինության հետ կապված վնասը հուշարձանին մեծ չէր լինելու: Բայց պեղումների ընթացքում բացվեցին լավ պահպանված միջնադարյան շինություններ, բրոնզի դարի պաշտպանական կառույցներ: Դիմել ենք շինարարական կազմակերպությանը`առաջարկելով ճանապարհի հետագիծը 30-40 մետրով շեղել, որպեսզի պահպանվի հուշարձանը: Այդ առաջարկը այժմ քննարկվում է: Սակայն լինում են դեպքեր, – ասում է Պավել Ավետիսյանը, երբ հուշարձանը ընդմիշտ կորսված է լինում»:

Բարձրավոլտ էլեկտրասյուն եւ կնիք

Ինստիտուտի տնօրենը ցույց է տալիս քարե կնիք, որը հանվել է Սիսիանում բարձրավոլտ էլեկտրասյուն տեղադրելիս: Նույն տեղից գտնվել են մարդկային ոսկորներ, զարդեղեն: Ըստ ամենայնի այդտեղ դամբարան է եղել: «Հետազոտություններով պարզեցինք, որ դամբարանն ավերվել է Խորհրդային տարիներից սկսած` մի քանի անգամ: Այդ տարածքը քանիցս փորվել է, այնտեղ անցկացվել են մալուխներ եւ հաղորդակցության այլ միջոցներ: Կնիքը եւ զարդեղենը այժմ թանգարանային ցուցանմուշների հավակնորդ են: Պեղումները ցույց տվեցին, որ հենասյան տեղը փոխելու եւ ավելորդ ծախսեր կատարելու  իմաստ չկա, քանի որ այս հողակտորն արդեն հուշարձանակիր տարածք չէ», – ասում է տնօրենը։ Պավել Ավետիսյանը նմանատիպ պեղումները կոչում է փրկարարական պեղումներ:

Հնագիտական հուշարձանները եւ ժամանակակից բնակավայրերը

Հայաստանում երբեմն կատակում են, թե ուզածդ տեղում բահով խորը փորես, մի բան դուրս կգա: Այս պնդումն իհարկե չափազանցված է, բայց նրա մեջ ճշմարտության հատիկ կա: Ինստիտուտի ղեկավրի խոսքով` երկրում քիչ չեն այն վայրերը, որտեղ հնագույն հնագիտական հուշարձանների վրա հիմնված են տներ եւ այգիներ, մերօրյա մարդկանց հանդեր: Այդ հուշարձանները պահպանելու համար հարկավոր է մարդկանց տեղափոխել այլ բնակավայրեր: Բայց առաջիկայում այդ ծրագրերը դեռեւս անիրագործելի են:

Մասնավորապես, հատուկ ծրագրով ուսումնասիրվել է Արագած լեռան փեշերի` Ծաղկահովիտ գյուղից մինչեւ Մանթաշ ընկած 80 քառ. կմ.  տարածք: Գործնականում այդ ողջ տարածքում առկա են տարբեր տիպի ու բնույթի հազարամյակների վաղեմություն ունեցող հնագիտական օբյեկտներ: Այդ տարածքում տեղակայված է 6 գյուղ` իր հանդերով: Մարդիկ արդեն մի քանի հարյուրամյակ ապրում են այդ հողերում: Ակնհայտ է, որ նրանց ամենօրյա գործունեության հետեւեւանքով այդ հուշարձաններին այս կամ այն չափով վնաս է հասցվում:

Կամ օրինակ` պատմական Հայաստանի մայրաքաղաք Դվինի տարածում այժմ կա 10-12 գյուղ: Բլրի վրա գտնվող միջնաբերդին մերձ տարածքները կառուցապատված են կամ օգտագործվում են որպես այգի ու վարելահող: Երբեմն հողագործական աշխատանքների ընթացքում բացվում են պատերի մնացորդներ, իրեր: Այդպիսի հուշարձաններ պեղելու համար հարկավոր է կառավարության հատուկ որոշում. մարդկանց պետք է փոխահատուցել եւ տեղափոխել: Պավել Ավետիսյանը չի կարծում, թե դա այսօր հնարավոր է, այդ պատճառով գործող ռազմավարությունը նման հուշարձանների հանդեպ հետեւյալն է. հետեւել, որպեսզի մարդիկ խիստ չվնասեն հնագիտական շերտերը, եւ սպասել լավագույն ժամանակների, երբ հնար կլինի լուծելու այդ խնդիրը:

Թեեւ վերաբնակեցման մի այդպիսի դեպք եղել է, բայց այն առնչվել է ընդամենը մի քանի ընտանիքի, որոնք ապրում էին Դաշտադեմի ամրոցի ներսում:

Ինչպես է վերաշարադրվում պատմությունը

Պավել Ավետիսյանը պատմում է, որ Նոր Գեղիում հնագետները հետազոտում են մի հուշարձան, որը փոխում է ըմբռնումը, թե ինչպես է բնակեցվել Երկիրը: Հենց այդ մասին էր հրապարակվել հոդված Science ամսագրում:

Հավաստի համարվող պատկերցումների համաձայն`ուշ homo erectus-ները կամ վաղ homo sapiens-ները` մարդու նախահայրերը, ձեւավորվել են Աֆրիկայում եւ այնտեղից սփռվել են աշխարհով մեկ: Նրանց հետքերը կան ամբողջ Եվրասիայում` Չինաստանից մինչեւ Եվրոպա: Նրանց աշխատանքային գործիքները գտնվել են տարբեր վայրերում: Դա այսպես կոչված լեւալուազյան տեխնիկայով պատրաստված քարե գործիքներն ու առարկաներն են:

Ուշ Homo erectus-ի` Աֆրիկայում գտնված աշխատանքային գործիքների տարիքը գնահատվում է 350-300 հազ. տարի: Նոր Գեղիում գիտնականները պեղել են հնագիտական շերտ` ամփոփված երկու հրաբխային բազալտե սալերի միջեւ` ինչպես սենդվիչ: Վերին շերտի տարիքը հեշտ է որոշել, ստորինը եւս: Պարզվել է, որ Նոր Գեղիի` homo erectus-ի առկայության մասին վկայող շերտի տարիքը առնվազն 325 հազ. տարվա վաղեմություն ունի: Հասակագրման այս թվերը ցույց են տալիս, որ Աֆրիկան Առաջավոր Ասիային կապող «լեւանտյան  միջանցքի» նույնատիպ շերտերով հնավայրերը շատ ավելի երիտասարդ են քան Հրազդանի կիրճում փաստագրվածը:  Այս հանգամանքը, ինչպես նաեւեւ շերտագրական այլ դիտարկումներ թույլ են տալիս ասելու, որ  ուշ Homo erectus-ը Արաքսից հյուսիս ընկած տարածքների բնիկ է: Այս գտածոն փոխում է աշխարհում մարդկանց սփռման վերաբերյալ ընդունված տեսակետը: Ճիշտ է, ինչպես ասում է Պավել Ավետիսյանը, հարկավոր են նաեւ լրացուցիչ նոր հետազոտություններ վերոհիշյալ տեսակետը ամրապնդելու համար… Եւ դեռ ինչեր կարող են ի հայտ գալ:

Պատմամշակութային ժառանգության պահպանումը

«Հնագիտական հուշարձանները մշակութային ժառանգության բաղկացուցիչն են։ Մշակութային ժառանգության պահպանությունը պահանջում է ամենօրյա խնամք եւ ճիշտ օգտագործում։ Ճիշտ օգտագործում նշանակում է, որ պատմամշակութային այդ հուշարձանները պետք է արդիականացվեն եւ ակտուալացվեն», – ասում է Պավել Աոետիսյանը։ Այսինքն, նրա խոսքով, արատավոր մոտեցում է, երբ մշակվում է Երեւանի գլխավոր հատակագիծը, կամ որեւէ այլ բնակավայրի հատակագիծը հին քաղաքի, կամ քաղաքի հին թաղամասերի, շինությունների  իսպառ ոչնչացման ճանապարհով, արդարացմամբ, թե հին տները վատ վիճակում են: Ոչնչացվում է Երեւանի պատմամշակութային ողջ միջավայրը եւ նրա փոխարեն կառուցվում է ինչ-որ նոր բան: Գուցե այդ նորը նույնիսկ շատ լավն է, բայց աշխարհում ոչ մի տեղ, մասնագետի խոսքով, այդպես չեն վարվում:

«Աշխարհի տարբեր երկրներում պատմամշակութային միջավայրը դարձնում են այսօրվա մշակութային միջավայրի բաղկացուցիչը եւ օգտագործում են։ Այն դառնում է քաղաքի կամ գյուղի պատմական միջուկը։ Եւ պարտադիր չէ, որ դառնա պոմիդորի բոստան»,- ասում է ինստիտուտի տնօրենը։

Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում պատմամշակութային ժառանգությունը պահպանելու միջոցներից մեկը պատմամշակութային լանդշաֆտների ծրագրերի մշակումն է եւ արգելոցների ստեղծումը: Հայաստանում այդպիսի արգելոց կարող է դառնալ ամբողջ Արարատյան դաշտավայրը: Եւ այդ արգելոցում պետք է գործեն հատուկ կանոններ, եւ մեր ողջ գործունեությունը պետք է ենթարկեցված լինի դրանց: Պահպանման ենթակա հին շինությունները կարող են գործածվել որպես դպրոցներ կամ մշակութային կենտրոններ: Այդպիսի պրակտիկա կիրառվում է եվրոպական մի շարք հին քաղաքներում: Իսկ հայերը, հնագետի խոսքով, հինը ամենուր ոչնչացնում են, որպեսզի նրա փոխարեն կառուցեն նորը: Նույնիսկ գյուղերում որդին քանդում է հոր շինած տունը, քանի որ այն հարմարավետ չէ, հետո նրա որդին է քանդում նրա շինած տունը: «Մեզ ոչ ոք չի սովորեցրել, որ պապենական տունը կարելի է օգտագործել այլ նպատակների համար», - հավաստում է Պավել Ավետիսյանը եւ հավելում, որ պատմամշակութային արժեքների մասին մեր պատկերացումներն առավելապես լեզվի վրա են, քան թե իրական կյանքում:

«Մենք ամենահին ժողովուրդն ենք, իսկ Երեւանը Հռոմից մեծ է»

Անհեթեթ պնդումը, թե «իբր մենք ամենահինն ենք, մյուսները սերել են մեզնից», մենք դարձնում ենք մեր ինքնության մի մաս, իսկ իրական կյանքում, օրինակ, Գետառ գետը վերածում ենք կոյուղու: «Կամ քանի որ եգիպտական բուրգերը կառուցել ենք մենք, ուրեմն կարելի է Հաղարծինի վանքում եվրանորոգում անել», - սարկազմով ասում է մասնագետը:

Նրա խոսքով` մենք ունենք ինքնության լուրջ խնդիր: «Հսկայական ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի ինքնադաստիարակվենք, ինքնամաքրվենք եւ ճիշտ նայենք այդ խնդիրներին։ Հակառակ դեպքում մենք միշտ տանուլ ենք տալու եւ կորուստ հաշվառող ենք լինելու։ Մենք աղմկում ենք, որ թուրքերը քանդում են մեր եկեղեցիները, քրդերը դրանք դարձնում են գոմեր։ Իսկ ո՞վ է ասել, որ մենք ինքներս չենք անում նույնը։ Կրթելու եւ կրթվելու խնդիր կա էստեղ, երեխային բացատրելու, որ այդպես չի կարելի։ Բայց մեզ համար դա չէ կարեւոր։ Կարեւորը, որ մենք վրացիներից հին ենք, թուրքերը քոչվոր են։ 500 տարի էստեղ են, քաղաքներ ու կամուրջներ են կառուցում, բայց դեռ քոչվոր են։ Թշնամուն էդպես չի կարելի գնահատել։ Դա լուրջ չէ։ Բայց հսկայական քանակությամբ մարդկանց ուղեղում սա կա։ Ընդ որում, այսօրվա երիտասարդների մեջ եւս։ Սա է սարսափելին»,- ասում է նա:

Պավել Ավետիսյանը ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա եւս. հնագիտությունը մեր հանրության մեջ ընկալվում է միայն որպես գանձի որոնում: Այլապես մարդկանց անհասկանալի է, թե ինչ ես փորփրում: Եվ անհնարին է բացատրել, որ դա արվում է վերականգնելու համար պատմությունը, որով դու հպարտանում ես: Այդ պատմությունը պետք է ոչ թե լեզվի վրա լինի, այլ տեսանելի:

«Քաղաքակրթության մաս է այն հասարակությունը, որը քաղաքակրթության չափանիշներով է վերաբերվում այն ամենին, ինչ իրեն ավանդված է որպես ժառանգություն։ Եթե դրան այդպես չես վերաբերվում, որքան ուզում ես կրկնիր, թե ես կապիկից առաջ եմ եղել, միեւնույն է բոլորը տեսնում են, թե դու ինչպես ես վերաբերվում քո հուշարձանին»,- ասում է Պավել Ավետիսյանը եւ հավելում. «Որքան ուզում ես կրկնիր, թե Երեւանն ամենահին մայրաքաղաքն է, Հռոմից էլ հին, հին Երեւանը ախր միեւնույն է չկա»:

Բայց մի պնդում «մենք հնագույնն ենք» շարքից լիովին կարող է առարկայական ուրվագիծ ստանալ: Խոսքն ամենահին գինեգործարանի մասին է` գտնված Արենիի քարանձավում:

Թե ինչպես հնագետները թույլ չտվեցին Արենիի քարանձավը դարձնել ռեստորան եւ ինչ դրան հաջորդեց

Սա այն դեպքն է, որ հայ հնագետները կարողացել են «պեղել» երկրի համար բրենդ, եւ այսօր աշխարհի ցանկացած կողմում եթե մեկը լուրջ աշխատանք է գրում գինու թեմայով, գինու պատմությունը սկսում է Արենիից: Այս ամենից հետո երկիրը պետք է ոչ մեծ ջանք գործադրի, որպեսզի արդիականացնի այդ բրենդը, իսկ դա նշաակում է, որ այժմյան «Արենի» գինին եւս պետք է համապատասխանի այդ բրենդին:

«Հնագետը իր աշխատանքի ընթացքում կարողացավ գտնել եւ բարձրաձայնել մի երեւույթ, որը կարող է դառնալ բրենդ։ Դու էլ որ մի քիչ ջանք թափես, քո գինին այնպիսին պատրաստես, որ ֆրանսիացին խմի եւ չթքի, կարող ես այդ բրենդով փող վաստակել, եւ այն կդառնա քո ժողովրդի այցեքարտը։ Հենց դա է պատմամշակութային ժառանգության արդիականացումը»,- ասում է նա:

Իսկ այս ամենը սկիզբ առավ նրանից, հիշում է Պավել Ավետիսյանը, որ Արենիի քարանձավը վտանգված էր, եւ նրա սրահներից մեկում շինարարություն էին սկսել, թերեւս ռեստորան դարձնելու նպատակով:  Հնագետները ստիպված եղան դիմելու շտապ միջոցների: Դա հերթական փրկարար գործողությունն էր եւ ավարտվեց երկու սենսացիայով. գտնվեց ամենահին կոշիկը եւ ամենահին գինեգործարանը: Հիմա հնագետները խստիվ հսկում են քարանձավը եւ քննարկում են քարայրի ներսում այցելուների համար անցուղիներ կառուցելու տարբերակներ: ԱՄՆ-ի դեպանատան հատկացրած միջոցներով այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել: Բայց քարանձավը, որպես զբոսաշրջության վայր դեռեւս լիարժեք չի աշխատում. այն նախապատրաստված չէ տուրիստներ ընդունելու համար:

Ֆինանսավորման եւ Երեւանի կենտրոնում երեք սենյականոց բնակարան կտակելու մասին

Ինստիտուտի տնօրենը չի կարծում, թե իրավունք ունի բողոքելու պետական ֆինանսավորման սղությունից, քանի որ այն զրոյի համեմատությամբ, որ ունեն ակադեմիական այլ հաստատություններ, իր ղեկավարած գիտական կենտրոնը ստանում է բավարար դրամ` տարեկան 15-16 գիտարշավ հանդերձավորելու համար: Իհարկե, ընդգծում է Պավել Ավետիսյանը, այն չի լուծում ինստիտուտի աշխատակիցների սոցիալական խնդիրները, բայց հերիքում է դաշտային աշխատանքներին:

Տնօրենը հիշտակում է ինստիտուտի աշխատակից Էմմա Խանզադյանին, ով կտակել էր Մաշտոցի պողոտայի իր երեքսենյականոց բնակարանը մի մարդու, որը տվել էր ինչ-որ գումարներ Մեծամորում աշխատանքներ կազմակերպելու համար: Ըստ Ավետիսյանի Էմմա Խանզադյանը Մեծամորը համարում էր իր զավակը, եւ պատրաստ էր ցանկացած զոհողության հանուն նրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Հայի աչքերով»․ Իռլանդացիները կատակասերներ են. Էլ ո՞վ կարող էր քվեարկել, որ «հնդկահավը» ներկայացնի իրենց երկիրը
Վահան Ստեփանյանը մեկ տարի ապրել է Իռլանդիայում...
«Հայի աչքերով»․ Ավստրալացիներն անկեղծորեն կարծում են, որ հենց կենդանիներն են Երկրի տերերը (ֆոտո)
Դիանա Հակոբյանը 2 տարի ապրել է Թաունսվիլում ու հասկացել է մեկ բան...
Անավարտ պատերազմում ընկածների հիշատակին (մաս 6)
4 օր հայ զինծառայողները երկարատեւ եւ թեժ մարտերում կպաշտպանեն մեր անվտանգությունը, մեր հողերը...
«Հայի աչքերով». Դուբայում եւ Աբու Դաբիում որոշ բանկոմատներ ոսկու ձուլակտորներ են տալիս (Ֆոտո)
Աննա Ղազարյանը արդեն 4 տարի ապրում և աշխատում է Աբու Դաբիում...
Անավարտ պատերազմում ընկածների հիշատակին (մաս 5)
4 օր հայ զինծառայողները երկարատեւ եւ թեժ մարտերում կպաշտպանեն մեր անվտանգությունը, մեր հողերը...
«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել
Մեր ամենամեծ մոլորությունը այն համոզմունքն է, որ բոլոր թուրքերը Հայոց ցեղասպանության մասին լավ իրազեկված են...
Ամենաշատ
Partner news