Ռուսաստանի կողմից Լարսի անցակետի մոտ մեքենաների կուտակումների թիվը հասնում է 700-ի, որից մոտավորապես 400-ը պատկանում է ՀՀ քաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կառավարության նիստի հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Վրաստանի կողմից կուտակումներն ավելի քիչ են:

«Երեկ եւ դրան նախորդող օրը մենք եղանք այնտեղ, մեր աչքով տեսանք, թե ինչ առատ ձյուն է տեղում: Վրացի գործընկերները ներդրել են բոլոր տեխնիկական միջոցները, որպեսզի շատ արագ լուծում տան այդ հարցին: Այդպիսի ձյուն մենք վաղուց չէինք տեսել»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե ձյունը մի փոքր թուլանա, մի քանի ժամվա ընթացքում կբացվի:

Նախարարի խոսքով, Ռուսաստանի կողմից կուտակված է մոտ 700 մեքենա, որից մինչեւ 400-ը ՀՀ քաղաքացիներին պատկանող մեքենաներ են. «Հիմնականում բեռնատար են, որովհետեւ մարդատար մեքենաների համար ճանապարհը ժամանակ առ ժամանակ բացվում է: Վրաստանի կողմից թիվը դժվարանում եմ ասել, սակայն ավելի քիչ է»:

Հարցին, թե դժգոհություններ կան, որ անցակետում գումարներ են պահանջում եւ այլն, նախարարն ասաց, որ անձամբ շփվել է վարորդների հետ, ովքեր եւ՛ դժգոհություն են հայտնում, եւ՛ գոհունակություն. «Վարորդներն ասում են, որ եւ՛ մարդիկ, եւ՛ պետական կառույցների ներկայացուցիչներն իրենց օգնում են, կան նաեւ մարդիկ, որոնք բողոքում են»:

Ինչ վերաբերում է վարորդների բողոքներին, որ հայտնվել են անմարդկային պայմաններում եւ տարրական պայմաններով ապահովված չեն, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ Վրաստանի կողմում նման խնդիրներն ավելի քիչ են, որովհետեւ հիմնականում բոլոր մեքենաներն իրար հետեւից չեն կուտակված, եւ կուտակումների չափը քիչ է, իսկ Ռուսաստանի կողմում հերթը շատ երկար է, դժվարությունը կարող է սննդի կետերից հեռավորության մեջ լինել: