Հայաստանի ճանապարհները մաքրելու համար առկա տեխնիկան բավարար չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի ողջ տարածքում ձյան առատ տեղումներին եւ ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներին:
«Ամբողջ տեխնիկան աշխատում էր, ես անձամբ եմ եղել շրջաններում, որովհետեւ վերադառնում էի Վրաստանից: Հատուկ ճանապարհս այնպես ընտրեցի, որպեսզի ամենակարճը չլինի, անցնեմ նաեւ այլ ճանապարհներով: Կարող եմ հաստատել, որ իսկապես, բոլորն աշխատում էին արտակարգ ռեժիմով: Եվ ձյան մաքրումն էին կազմակերպում, եւ աղ ու ավազով մշակելը, բայց ձյան քանակն այնքան շատ էր, որ հետեւից նորից ծածկում էր»,-ասաց նախարարը:
Հարցին, թե ստացվում է, որ լրացուցիչ տեխնիկա՞ է անհրաժեշտ, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Լրացուցիչ տեխնիկա միշտ էլ հարկավոր է: Այսպիսի արտակարգ դեպքերի համար մաքսիմալ քանակով տեխնիկան անգամ կարող է չբավարարել, բայց, ըստ ինձ, հարկավոր է»:





























