«Երրորդ Հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը ներկայացրել է պատճառները, թե ինչու է դադարեցրել համագործակցությունը երեք ուժերի («Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցություններ)  կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին:

Այսօր՝ փետրվարի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ նա նշել է, որ  երեք կուսակցությունների  կողմից միավորում ձեւավորելու մասին համաձայնագրի ստորագրումից հետո ինքը բազմիցս ներկայացրել է որոշակի առաջարկություններ աշխատակարգերի վերաբերյալ, թե ինչ սկզբունքներով պետք է գործի այդ երեք ուժերի ձեւավորված խորհուրդը, սակայն դրանք անտեսվել են:

«Պետք է լիներ խորհուրդ, որը կընդուներ որոշումներ: Պետք է քննարկվեին, թե ինչ ձեւաչափով են ընդունվում, որոշումները, ինչ ծրագրային դրույթներ պետք է լինեն, ինչ պլատֆորմ պետք է ունենար այդ միավորումը: Քանի որ այս ամենը տեղի չի ունեցել, այսինքն երեք կողմերը նման հնարավորություն չեն ունեցել, ուստի գտնվում եմ, որ նմանատիպ գործունեություն ծավալելը մեր կողմից աննպատակահարմար է, որովհետեւ եղել են որոշակի ստվերային, կուլիսային  գործընթացներ: Մենք կողմնակից ենք հրապարակային գործունեության եւ եթե խնդիր ենք դրել, որ պետք է այս համագործակցության արդյունքում լինեին արմատական բարեփոխումներ, դա ենթադրում էր որ բոլոր կարգի փոխհարաբերությունները պետք է լինեին հրապարակային, ոչ թե ստվերային:

Քանի որ չի ապահովվել, մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք մեր մասնակցությունն այս համաձայնագրին»,-ասաց Դալլաքյանը:

Նրա խոսքով, իրենց նման քայլի երկրորդ պատճառը հետեւյալն է. «Ցանկացած համաձայնագիր ենթադրում է, որ պետք է նախանշվեն այն սկզբունքներն ու չափանիշները, թե ովքեր պետք է իրականացնեն այն պլատֆորմը, որը ներկայացվելու է հասարակությանը: Քանի որ այդ կուսակցությունների միջեւ ծրագրերը համադրելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ քայլեր տեղի չեն ունեցել, նաեւ տեղի չեն ունեցել քննարկումներ համապատասխան պլատֆորմ ձեւավորելու ուղղությամբ, որոշել ենք դադարեցնել մեր համագործակցությունը»:

Հիշեցնենք, որ Օսկանյան-Օհանյան դաշինքն արդեն լքել են ԱԻՄ-ը եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը: Իսկ երեկ պարզ դարձավ, որ այսօր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավա Րաֆֆի Հովհաննիսյանը հուշագիր կստորագրեն խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ: