«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարող է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակում լինել: Փետրվարի 13-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության հետ բանակցությունների անհաջող ավարտի պատճառներին՝ նա նշեց. «Բանակցային գործընթացը հաջողություն չունեցավ, քանի որ մենք պատրաստ էինք համագործակցել հավասար պայմաններով: Նրանք ցանկանում էին առավելություն ունենալ՝ կապված նախընտրական ցուցակի տեղերի հետ, իսկ մենք հայտարարեցինք, որ ղեկավարվելու ենք հավասարության սկզբունքով: Ըստ էության, այդ տարբերակը չբավարարեց «Ժառանգության»-ը: Եվ երեկվա որոշումից հետո «Ժառանգությունն» ինձ համար միայն Զարուհի Փոստանջյանն է»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության փետրվարի 12-ի նիստում որոշվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի դաշինքի կազմում: Միաժամանակ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ Վիկտոր Դալլաքյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: