Հայաստանի կառավարությունը որոշել է երկիր ժամանող օտարերկրացիների համար պարզեցնել սահմանային ընթացակարգերը: ՀՀ կառավարության փետրվարի 16-ի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ներկայում երկիր ժամանող օտարերկրացիները, որոնք սահմանին վիզա պետք է ստանան, հարցաթերթիկ պետք է լրացնեն եւ կանխիկ վիզայի տուրք վճարեն:
Վարչապետը ոստիկանապետին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում քննարկել հարցաթերթիկը լրացնելու պահանջը չեղարկելու հնարավորությունը: Ֆինանսների նախարարին էլ հանձնարարվել է վիզայի տուրքն անկանխիկ վճարելու կարգ մշակել: