ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում Երեւանի ուղղությամբ ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է համընթաց ընթացող «SHACMAN» մակնիշի ավտոմեքենային: Ավտովթարի հետեւանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասում նստած 2 ուղեւորները տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի վարորդը եւ մյուս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 28-ին Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատատոքսիկոքիմիական, դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:




























