Հայաստանում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը եւս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Այս ամսին ասված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տարածած հաղորդագրությունում:

«Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր եւ իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն:

Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, եւ ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որեւէ աղերս չունեն իրականության հետ:

Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած եւ տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը:

Այսպիսով, մենք կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձեւավորված ո՛չ լեգիտիմ իշխանություն, ինչի արդյունքում է՛լ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը եւ լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը:

Իշխանությունը, կարծես, ուզում է ամրապնդել ժողովրդի մեջառկա այն մտայնությունը, որ Հայաստանում ընտրություններիճանապարհով որեւէ փոփոխության հասնել հնարավոր չէ:  Տեղի ունեցավ քաղաքականությունից հեռու փողատեր թաղային «հեղինակությունների» կռիվ՝ երկրի համար ամենածանր հետեւանքներով:

Անկախ ամեն ինչից՝ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք մշտապես պաշտպանել եւ պաշտպանելու ենք ժողովրդի շահերը՝ մնալով ժողովրդի մեջ որպես նրա բաղկացուցիչ մաս: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր քվեն, որը տրվել է դաշինքին: Շնորհակալ ենք մեր ակտիվիստներին ու համակիրներին, որոնք այս կեղտոտ եւ գաղջ մթնոլորտում ցուցաբերել են քաղաքացիական բարձր գիտակցություն:

Մենք նաեւ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն ընտրողներին, որոնք քվեարկել են խղճի մտոք՝ անկախ նրանից, թե որ ուժին են տվել իրենց ձայնը:

Վստահեցնում ենք, որ դաշինքում ներգրավված ուժերը շարունակելու են իրենց գործունեությունը հանուն Հայաստանի եւ նրա քաղաքացիների արժանապատիվ կյանքի:

Համոզված ենք, որ այս մղձավանջը երկար չի կարող շարունակվել, քանզի մեր երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ մեծ շռայլություն է նման իշխանություններին պետություն վստահելը: Փոփոխություններն անխուսափելի են եւ մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում»,-ասված է հայտարարությունում:

Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:

ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը: