ՀՀ ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 11-ին, քառօրյա նիստերի գումարման համար կրկին քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 12 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց պահել այն պատգամավորների աշխատավարձերը, որոնք չեն ներկայանում նիստերին:

Նիստը վարող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին, որոնց հետ այսքան տարի աշխատել են և որոնք դուրս են մնացել նոր ԱԺ-ի կազմից:

Ի դեպ, սա արդեն երկրորդ քառօրյան է, որը ձախողվում է քվորում չլինելու պատճառով:

Նշենք, որ թեեւ ԿԸՀ-ն հրապարակել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն նոր խորհրդարանը դեռ չի ստանձնել իր լիազորությունները. դա տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստի օրը՝ ապրիլի 27-ին (եթե որեւէ ուժ չբողոքարկի ընտրությունների արդյունքները ՍԴ-ում):