Կառավարության դիմաց շարունակվում է մայրաքաղաքի խոշոր առեւտրային կենտրոնների աշխատակիցների բողոքի ակցիան ապրանքների փաստաթղթավորման պահանջի դեմ:
NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները երկրորդ անգամ պտտվեցին հրապարակում եւ հայտարարեցին, որ մնալու են այստեղ, մինչեւ իրենց պահանջը չկատարվի:
«Գնալով կշատանանք, վարչապետ ջան, ցավդ տանեմ, հայտարարեք, որ մեզնից հեռու կմնան, չեն ահաբեկի, եւ մենք այստեղից ուրախ-զվարթ կգնանք, մի կտոր հաց կուտենք ու կասենք՝ տեսեք, թե ինչ լավ տղա ա մեր վարչապետը: Մենք կմնանք այստեղ այնքան ժամանակ, մինչեւ որ մեր հարցը լուծվի, մենք չենք ուզում, որ մեր հաճախորդին կորցնենք»,- կրկին հայտարարեցին աշխատակիցները՝ մինչեւ ժամը 14,00-ն ժամանակ տալով Կառավարությանը:
Ցուցարարները նշեցին, որ եթե մինչեւ իրենց տված ժամանակը վարչապետն իրենց հետ չհանդիպի, նստացույց կհայտարարեն: Նշենք, որ «Սուրմալու», «Փեթակ» եւ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնների աշխատակիցները պատմում են, որ արդեն մի քանի օր՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում եւ հաճախորդներից պահանջում փաստաթղթեր:
«Հաճախորդին ասում են՝ ուր են քո փաստաթղթերը: Այդ հաճախորդին մենք դժվարությամբ ենք ձեռք բերել, նրա հանդեպ շատ բարեհամբույր ենք եղել, ապառիկ ապրանք ենք տվել: Կոնկրետ ինձ 14 մլն դրամի գումար են պարտք: Ես չեմ կարողանում այդ գումարները հետ բերել, նորից վարկեր եմ վերցնում»,- նշեց առեւտրականներից մեկը:
Առեւտրականների խոսքով, ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու, քանի որ պետք է նոր աշխատող ընդունեն, որը կկատարի այդ աշխատանքները:
ՓՄՁ ներկայացուցիչների բողոքին այսօր անդրադարձել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեն՝ հայտարարելով, որ բողոքն ուղղորդված է:
«Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսեւորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչեւ վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որեւէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը»,- ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին, երբ ապրանքների փաստաթղթավորման մասին որոշումը մտավ ուժի մեջ, առեւտրականները մի քանի ամիս բողոքի ակցիաներ անցկացրին՝ ստիպելով իշխանություններին օրենքը հետաձգել որոշ ժամանակ: Դեռեւս 2015թ. փետրվարին այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել էր, որ փոքր եւ միջին բիզնեսի համար փաստաթղթավորման պահանջը պետությունն ընդմիշտ չի մեղմացնում: Նա նշել էր, որ չնայած առաջարկվող կարգը հարկատուների համար լիբերալ փաստաթղթաշրջանառություն է թույլ տալիս, կառավարությունն իր վերջնական նպատակից չի հրաժարվում: «Բիզնեսը պետք է հասկանա, որ գործարքները պետք է փաստաթղթավորել, ինչպես դա արվում է ցանկացած քաղաքակիրթ երկրում»,- ընդգծել էր Ճշմարիտյանը:






























