News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը թեժ է անցել: Առաջին անգամ նիստին մասնակցել են նաեւ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները. նրանց բոյկոտը, փաստորեն, ընդամենը երկու նիստ տեւեց: Ավագանին քննարկել է Երեւանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը: Անակնկալներ այս հարցում չէին սպասվում. փոխքաղաքապետերը՝ Կամո Արեյանը, Արամ Սուքիասյանը, Վահե Նիկոյանը եւ Դավիթ Օհանյանը վերընտրվեցին: «Ելք»-ը որոշել էր ձեռնպահ մնալ, իսկ Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը դեմ քվեարկեց: Թեկնածուների հարցի քննարկումն ավելի քան թեժ էր:

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը միայն քննադատությամբ չբավարարվեց: Սոնա Աղեկյանը Տարոն Մարգարյանին մեղադրեց մանկապարտեզ ընդունելիս յուրաքանչյուր երեխայի համար 200 դոլար կաշառք վերցնելու մեջ: Այս հայտարարությունը հունից հանեց հանրապետականներին: Լեւոն Իգիթյանը մարտական տեսքով բարձրացավ տեղից, բայց հետո, թերեւս ինչ-որ մեկի հորդորով, նորից նստեց: Քաղաքապետը ստիպված էր արձագանքել Աղեկյանի մեղադրանքներին:

Ընդմիջումից հետո նիստում կրքերը գագաթնակետին հասան: «Երկիր Ծիրանի» խմբակցության քարտուղար Մարինա Խաչատրյանը փորձեց արտահերթ ելույթ ունենալ, մինչդեռ քաղաքապետը հայտարարեց, որ կանոնակարգի համաձայն՝ արտահերթ ելույթի իրավունք ունի միայն խմբակցության ղեկավարը: Զարուհի Փոստանջյանը տեղից արձագանքեց, որ Խաչատրյանին լիազորում է ելույթ ունենալ խմբակցության անունից, բայց Տարոն Մարգարյանն անդրդվելի էր: Փոստանջյանը վրդովվեց. սա հակասահմանադրական է: Քաղաքապետարանում, իր իսկ բնորոշմամբ, «գողական, խուժանական բարքեր են տիրում»: Այս անգամ հանրապետական կանայք վրդովվեցին. հայ կնոջը հարիր բառապաշար չէ:

Արդեն նիստի ավարտից հետո լրագրողները Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին. Զարուհի Փոստանջյանի խոստացած դժոխքն իրականություն դարձա՞վ, թե՞ ոչ:

Ի դեպ՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարել է հունիսի 12-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքների համար Տարոն Մարգարյանի դեմ դատական գործընթաց սկսելու մասին: Քաղաքային իշխանություններին Փոստանջյանի կուսակցությունը մեղադրում է անգործության համար: Տարոն Մարգարյանը սրանում քաղաքապետարանի մեղավորությունը չի տեսնում, իսկ իր դեմ դատական հայցին լուրջ չի վերաբերվում:

87 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը: Նա Գերմանիայի կառավարությունը ղեկավարել է 1982-1998 թվականներին: Նա միակ քաղաքական գործիչն է, որը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է չորս անգամ անընդմեջ: Հելմուտ Կոլը մեծ դեր է ունեցել Եվրոպայի եւ Գերմանիայի միավորման, ինչպես նաեւ «սառը պատերազմի» դադարեցման գործում: Կոլը մշտապես թուրքերի՝ Գերմանիա ներգաղթի դեմ էր արտահայտվում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի հետ հանդիպումներից մեկում, որի արձանագրությունն ավելի ուշ գաղտնազերծվել է, Կոլը նույնիսկ խոսել է չորս տարվա ընթացքում Գերմանիայում թուրքերի թիվը 50 տոկոսով կրճատելու՝ իր ծրագրերի մասին: 

Երեւանում տղամարդու դի են հայտնաբերել՝ անկողնում կիսամերկ պառկած: 51-ամյա Գրիգոր Հարությունովի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերել: Սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Հարությունովին սպանելու մեջ կասկածում են 21-ամյա հարսին: Ըստ տեղեկությունների՝ սկեսրայրը փորձել է սեռական ոտնձգություն կատարել հարսի նկատմամբ: Երիտասարդ կինը դիմադրել է եւ ինքնապաշտպանվելով՝ արդուկով հարվածել տղամարդուն:

Երեւանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: 29-ամյա Լեւոն Խաչատրյանը BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը՝ 80-ամյա Ծաղիկ Գրիգորյանին եւ 3-ամյա Սերյոժա Գեւորգյանին: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված տղան մահացել է: Քրեական գործ է հարուցվել:

Ռուսաստանում դժբախտ պատահարի հետեւանքով հայ երիտասարդ է մահացել: Սանկտ Պետերբուրգի ավտոտեխսպասարկման կետերից մեկում, որտեղ աշխատել է 24-ամյա երիտասարդը, հրդեհ է բռնվել: Նրա հագուստը սկսել է այրվել, երիտասարդը գործընկերոջը խնդրել է տարայով ջուր լցնել իր վրա: Վերջինը, սակայն, պատահմամբ նրա վրա բենզին է լցրել: Ստացած այրվածքներից տղան մահացել է: Նա Արարատի մարզի բնակիչ էր: Երիտասարդի մարմինն այսօր հողին են հանձնել հայրենի Արտաշատում:

Հունիսի 16-ին դոլարը շարունակել է արժեզրկվել, իսկ եվրոն թանկացել է: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 538, ռուբլունը՝ 8 դրամ 35 լումա, ֆունտինը՝ 614 դրամ:

Հունիսի 17-ին շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում, առանձին վայրերում կարկուտի հավանականություն կա: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ 18-20-ը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ