News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը վաղը կայանալիք արտահերթ նիստում քննարկելու է նոր կառավարության ծրագիրը: Մինչ այդ՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է «Ծառուկյան» եւ Հանրապետական խմբակցությունների հետ, իսկ ՀՅԴ-ին ծրագիրն ավելի վաղ է ներկայացվել: Դաշնակցությունից Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ 2017-2022 թվականներն ընդգրկող ծրագիրը հավակնոտ է եւ ավելի թիրախավորված, քան մինչ այդ ներկայացված ծրագրերը:

Մինչդեռ պատգամավորների թվով խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները կարծում են, որ այն զգուշավոր եւ նվազագույն գոյատեւման խնդիր լուծող ծրագիր է: Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում կասկածի տակ է դրել վարչապետի՝ տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովելու խոստումը՝ հաշվի առնելով 2017 թվականի առաջին եռամսյակում արձանագրած ցածր՝ 0.4 տոկոս տնտեսական աճը եւ 850 միլիոն դոլարի ներդրումների մասին չիրականացած խոստումը: Զոհրաբյանն ասել է, որ «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այս ծրագրին «կողմ» չի քվեարկելու, իսկ «դեմ»-ի կամ «ձեռնպահ»-ի վերաբերյալ դեռ որոշում չեն կայացրել:

«Ելք» խմբակցության հետ վարչապետը հանդիպելու ցանկություն չի հայտնել։ Փոխարենը առաջարկվել է հանդիպել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, նրա հետ էլ հրաժարվել են հանդիպել «Ելք»-ի պատգամավորները: Գեւորգ Գորգիսյանը պարզաբանել է, որ ծրագրի պատասխանատուն Կարեն Կարապետյանն է, ոչ թե Վաչե Գաբրիելյանը, եւ վարչապետը պետք է պատասխաներ իրենց հարցերին կամ ընդուներ առաջարկները: Իսկ կառավարության ծրագիրը, պատգամավորի գնահատմամբ, դեկլարատիվ բնույթ ունի. նկարագրված են խնդիրներ, որոնց լուծման ճանապարհային քարտեզ չկա: Ինչ վերաբերում է քվեարկությանը. «կողմ» չեն քվեարկի, իսկ «դեմ» կամ «ձեռնպահ» դիրքորոշումը կախված է Ազգային ժողովում քննարկումներից: 

Հանրապետական խմբակցության քարտուղարը հայտարարել է, որ ծրագիրը հավակնոտ է ու, լավ աշխատանքի դեպքում, կարելի է անգամ գերակատարել ծրագրով նախատեսված խնդիրները: Նախորդ խոստումները չիրականացնելն էլ Գագիկ Մելիքյանը պայմանավորել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:

Օրեր առաջ արած սկանդալային հայտարարություններից հետո Հայաստանում Եվրամիության դեսպանն այսօր լրագրողներին է հանդիպել՝ իր հայտարարությունների առնչությամբ պարզաբանումներ ներկայացնելու եւ դրանց արձագանքին անդրադառնալու համար: Պյոտր Սվիտալսկին խոսել էր Հայաստանի ընտրական գործընթացների եւ ԿԸՀ-ի կազմը փոխելու անհրաժեշտության մասին, ինչին Դավիթ Հարությունյանն ու Էդուարդ Շարմազանովը կոշտ էին արձագանքել՝ Եվրամիության ներկայացուցչին քաղաքական կոռեկտություն պահպանելու ու երկրի ներքին գործերին չմիջամտելու կոչ անելով: Այսօր Սվիտալսկին ասել է, որ Հայաստանի իշխանություններին հրապարակային հայտարարություններով դիմելու կարիք չունի, իսկ իրեն արձագանքողների համար դեսպանը խորհուրդ ուներ:

Սվիտալսկին վստահեցրել է, որ Եվրամիությունն իր ներկայությունը չի պարտադրում Հայաստանին: Երկրի իշխանություններն իրենք են խնդրել օգնել ընտրական գործընթացի կազմակերպմանը: ԵՄ-ն հսկայական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ ավելի քան 7 մլն եվրո, առանց որի, դեսպանի համոզմամբ, հնարավոր չէր լինի այս ընտրություններում նոր տեխնոլոգիաներ ներդնել:

Սվիտալսկու հայտարարությանը Հանրապետականից կրկին արձագանք է հնչել: Էդուարդ Շարմազանովը ԵՄ դեսպանի խոսքում նեղացած մարդու տոնայնություն է նկատել: Ասում է՝ իրենք որեւէ մեկին նեղացնելու մտադրություն չեն ունեցել, պարզապես հստակ արտահայտել են իրենց խնդիրը: Նա էլ իր հերթին է Պյոտր Սվիտալսկուն խորհուրդ տվել հասկանալ, որ ժողովրդավարությունը նախ եւ առաջ կարծիքներ լսելու ունակությունն է, եթե նույնիսկ այդ կարծիքը համահունչ չէ ակնկալածին:

«ԻԳԼԱ»-ի գործով նախաքննության ավարտին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին եւ ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքները մեղմացվել են: Ռազմամթերքի մաքսանենգության հոդվածով մեղադրանքը հանվել է, հիմա նրանք մեղադրվում են նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու հոդվածով: Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանն ասում է՝ իր պաշտպանյալը ցուցմունքում ասել է, որ «ԻԳԼԱ»-ն փորձել է գնել Հայաստանի Զինված ուժերի համար: Պատվիրել է, որ այն արտասահմանից ներմուծեն: Ցուցմունքի համաձայն՝ «ԻԳԼԱ»-ն ներմուծողներից է եղել գործով կալանավորված 3-րդ անձը՝ Արմեն Պողոսյանը, որն այն Հայաստանում է ձեռք բերել ու փորձել է վաճառել Սանասար Գաբրիելյանին: Իսկ Սամվել Բաբայանը փորձել է իր խորհուրդներով օգնել Գաբրիելյանին՝ Զինված ուժերի համար «ԻԳԼԱ»-ն գնելու հարցում:

Խնձորից հետո հիմա էլ ադրբեջանական աղ ու թեյ են փորձել Հայաստան ներկրել: Այս անգամ ներկրումը կանխվել է հենց սահմանին: Բավրայի մաքսակետի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ եւ թեյ են հայտնաբերել: Ուղեւորները վստահեցրել են, որ տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին: Արդյունքում նրանք հրաժարվել են բեռը հանրապետություն տեղափոխել:

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարեւանությամբ գտնվող գերեզմանատանը տղամարդու դի են հայտնաբերել: Մարմինը քայքայված եւ կիսանեխած է եղել: Պարզվել է, որ մահացածը Երեւանի 54-ամյա բնակիչ Արթուր Շողունցն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը շուրջ 5 օր առաջ է մահացել:

Հունիսի 20-ին դոլարի արժեզրկմանը միացել են նաեւ եվրոն ու ռուբլին: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր արդեն կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 536, ռուբլունը՝ 8 դրամ 15 լումա, ֆունտինը՝ 610 դրամ:

Հունիսի 21-ին հանրապետության հյուսիսային շրջաններում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ին 5-6 աստիճանով կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա: Երեւանում նույնպես հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ