Ստամբուլի Սիլիվրիի բանտից դատարանի որոշմամբ ազատ են արձակվել 2016 թվականի հեղաշրջման փորձի գործի շրջանակներում ձերբակալված լրագրողներ Աթիլլա Թաշը, Մուրադ Աքսոյը եւ Դավութ Այդընը։
Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը մոտ 8 ամիս տեւող դատական նիստերից հերթականի ժամանակ որոշում է կայացրել հեղաշրջման փորձի գործով կալանավորված 10 լրագրողներից 3-ի նկատմամբ ազատ արձակման որոշում կայացնել։
Բանտից դուրս գալուց հետո Մուրադ Աքսոյը հավաքված լրագրողներին հայտնել է, թե իրեն վերագրվող գործը շինծու է, քանի որ իր միակ մեղքը եղել է հոդված գրելը։
Նա հույս է հայտնել, որ անտեղի կալանավորված մյուս լրագրողներն էլ շուտով ազատ կարձակվեն։