News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին եւ անդրադարձել սպառազինությունների մատակարարման համար Ռուսաստանից սպասվող հերթական վարկի մասին: 2015 թվականի հունիսին կնքված համաձայնագրով 200 մլն դոլարի վարկի շրջանակում ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարումները շարունակվում են: Արդեն ստորագրված նոր՝ 100 մլն դոլարի պայմանագիրն էլ կիրականացվի բոլոր միջպետական համաձայնեցումներն ավարտելուց հետո: Նշենք, որ վարկը հատկացվում է 15 տարի մարման ժամկետով: Հայաստանը կարող է վարկային միջոցներից օգտվել 2018-2022 թվականներին: Հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ ռուսական ձեռնարկությունների հետ արդյունաբերական կոոպերացիա զարգացնելու պատրաստակամության, ժամանակակից մրցունակ արտադրանք թողարկելու հնարավորության մասին:

Անդրադառնալով հայկական ատոմակայանի փակման մասին լուրերին, նախագահը եւս մեկ անգամ կրկնել է, որ այդ մասին որեւէ կետ Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրում չկա: Սերժ Սարգսյանի խոսքով՝ դրանք արհեստական քննարկումներ եւ իրականության հետ կապ չունեցող լուրեր են:

Ազգային ժողովում այսօր քննարկել են 2018 թվականի պետբյուջեով նախատեսված իշխանության պետական եւ դատական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար նախատեսված եկամուտների եւ ծախսերի դրույթները: Բյուջեի նախագծի համաձայն՝ 2018 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմը գրեթե կրկնակի կկրճատվի: Կնվազեն նաեւ աշխատակազմի ծախսերը՝ 4.88 մլրդ դրամից մինչեւ շուրջ 2.5 մլրդ դրամ: Կրճատումները պայմանավորված են Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նոր նախագահի լիազորությունների կրճատմամբ: Արմեն Գեւորգյանը նշել է, որ նախագահի աշխատակազմում հաջորդ տարվանից առավելագույնը 200 աշխատակից կլինի: Լուրեր են շրջանառվում, որ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կրճատվելու են, ավելին, նաեւ փոխվելու է պաշտպանը: Լրագրողների հարցին Արման Թաթոյանը պատասխանել է, որ անհեթեթ լուրեր են:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործը վարող դատավոր Մեսրոպ Մակյանին հաջողվել է առաջին իսկ նիստում անցկացնել նախապատրաստական փուլի մեծ մասը: Դատավարության մասնակիցների համար հենց սկզբից պարզ էր. Մակյանն այլ տակտիկա է ընտրել: Եթե Արտուշ Գաբրիելյանն ամբաստանյալներին նիստերի դահլիճից հեռացնում էր չկանգնելու համար, Մեսրոպ Մակյանը դրա վրա, այսպես ասած, «աչք էր փակում»: 3 ժամ տեւած դատական նիստում Մակյանը հասցրել է ճշտել ամբաստանյալների ինքնությունը, հետաքրքրվել՝ արդյո՞ք դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ կան, վերացրել է ամբաստանյալներից շատերի համար սահմանված տեսակցությունների արգելքը:

Հետաքրքիր է, որ Մեսրոպ Մակյանը «Սասնա ծռերի» անդամներին թույլ է տվել խոսել՝ ինչի մասին եւ ինչպես ուզում են: Պավլիկ Մանուկյանն անեկդոտ է պատմել, Վարուժան Ավետիսյանը դատարանն անվանել է իշխանությունների հաշվեհարդարի գործիք: Արայիկ Խանդոյանի հայտարարությունը, սակայն, կիսատ է մնացել. մեղադրող Պետրոս Պետրոսյանը միջնորդել է՝ թույլ չտալ շարունակել խոսքը. Խանդոյանը հեգնանքով է արձագանքել: Մեսրոպ Մակյանը պարբերաբար Խանդոյանին հորդորել է ըստ էության խոսել, բայց ապարդյուն: Իրավիճակը հանդարտեցնելու համար դատավորն ընդմիջում է հայտարարել: Նշենք, որ այսօրվա նիստում որոշում է կայացվել այս գործով նիստերն անցկացնել շաբաթական երկու օր: Ստացվում է, որ «Սասնա ծռերի» 3 գործերով շաբաթական 4 օր նիստ տեղի կունենա, բոլորն էլ արտագնա:

Նյու Յորքի կենտրոնում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել, որն ահաբեկչություն են համարում: Բեռնատարը հեծանիվների երթեւեկության համար նախատեսված հատվածում հարվածել է հեծանվորդներին, հետո մխրճվել դպրոցական ավտոբուսի մեջ: Այնուհետեւ վարորդը դուրս է եկել մեքենայից ու կրակ բացել անցորդների ուղղությամբ: Պատահարի հետեւանքով 7 մարդ է զոհվել, հաղորդվում է 15 վիրավորի մասին:

Իրավապահները հաղորդել են, որ ահաբեկիչը ձերբակալված է: Ըստ տեղեկությունների՝ նա Ֆլորիդայի Տամպա քաղաքից է, անունը՝ Սեյֆուլո Սաիպով: Լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածը 29 տարեկան է, ազգությամբ ուզբեկ: Կասկածյալը Uber տաքսի ծառայությունում վարորդ է աշխատել, սակայն կարճ ժամանակ անց նրան արգելափակել են ծառայության հավելվածում:

Կատարվածից հետո Դոնալդ Թրամփը կարգադրել է խստացնել ԱՄՆ ժամանող փախստականների ընտրության ծրագիրը, ինչպես նաեւ ավելի մանրակրկիտ ստուգել Միացյալ Նահանգներ ժամանող օտարերկրացիներին:

Երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Ժողովրդական արտիստն 81 տարեկան էր: Ալեքսանդր Գրիգորյանը ծնունդով Բաքվից էր, մասնագիտական կրթությունը ստացել է Լենինգրադում: Նա ավելի քան 150 ներկայացում է բեմադրել Հայաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում եւ այլուր: Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգստի եւ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Ստանիսլավսկու անվան թատրոնում: Նրան հողին կհանձնեն նոյեմբերի 4-ին Երեւանի քաղաքային պանթեոնում:

Նոյեմբերի 1-ին դոլարն ու եվրոն շարունակել են ամրապնդել դիրքերը: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա, ֆունտինը՝ 642 դրամ:

Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի: Երեւանում նոյեմբերի 2-5-ը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ