News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ 19–ամյա Դավիթ Բաղիկյանը ութ ամիս է՝ ծանր վիճակում գտնվում է Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Դավիթը հոսպիտալ է տեղափոխվել Արցախի Ներքին Հորաթաղ գյուղի զորամասից։ Բանակ է զորակոչվել 2016 թվականին։ Ծառայության յոթերորդ ամսում  դժբախտ դեպքի հետեւանքով, գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Ինչպես NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Դավիթի Հայրը՝ Սամվել Բաղիկյանը, մեքենայի վրա ջրով լի տարան տեղադրելու ժամանակ գլուխը մնացել է տարայի եւ մեքենայի արանքում, ինչի հետեւանքով գլխի մի հատվածը ծանր վնասվել է։ Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, քննությունը ընթացքում է։ Մի քանի ամիս կոմայի մեջ գտնվող զինվորը թեեւ ուշքի է եկել, սակայն առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Ինքնուրույն տեղաշարժվել, խոսել դեռեւս չի կարող խոսել, որոշ բառեր է դժվարությամբ արտաբերում։ Դավիթը ապրում է հոր հետ։ Հայրը ի զորու չէ հոգալ նույնիսկ Սյունիք–Երեւան ճանապարհածախսը, որդու սննդի եւ դեղորայքի ծախսերը։ Տեղափոխվել է Խարբերդում ապրող եղբոր մոտ, որի օգնությամբ էլ խնամում է որդուն։

Գործազուրկ,  մի կերպ գայատեւող հոր հույսը պաշտպանության նախարարի գթասրտույթունն է եղել, որին դիմում է գրել եւ ֆինանսական աջակցություն խնդրել, սակայն պարզվել է՝ զինվորներին ու նրանց ընտանիքներին նվիրված ճառերը միայն հեռուստաէկրանների համար են եղել, խնդրանքը մերժել են հետեւյալ պարզաբանմամբ. «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր դիմումի՝ հայտնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, որպես սոցիալական աջակցություն, միանվագ դրամական օգնություն, կարող է վճարվել միայն ՀՀ կառավարության 2000 թ. նոյեմբերի 27–ի թիվ 778 որոշման շրջանակներում՝ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում հաշվառված հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին եւ ծառայության  ընթացքում զոհված, (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ Ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ»։ 

Չնայած այս պաշտոնական պատասխանին՝ նախարար Վիգեն Սարգսյանը մեզ հետ զրույցում բացառեց, որ վիրավոր զինվորի ընտանիքի օգնություն խնդրանքը մերժեն, եթե դա ասենք 3–4–րդ նամակը չէ։  Զինվորի հորեղբայրը հավատացրեց՝ սա նախարարին հասցեագրված առաջին ու վերջին նամակն է եղել։ Ի դեպ,  նախարարությունից էլ պատասխանելիս Բաղիկյանի փոխարեն Բազիկյան են գրել։ 

Պաշտպանության նախարարության «ուշադրությունն ու հոգատարությունը» այսքանով չի ավարտվել։ Դավիթի հորեղբայրը մեզ պատմեց, որ հոսպիտալում էլ դեղերի մի մասը իրենցից են պահանջել։  «Հասարակ դեղերը ինձանից են ուզել, թղթի վրա գրել են, տվել են գնացել առել ենք։ Մի դեղն առել ենք 7500 դրամով, ասում էին՝ ուղեղի սնուցման համար է, էստեղ էլ չկար, մի կերպ ճարել բերել ենք մի քանի պաչկա, որ երեխեն չկտրվի դեղից։ Էլի մի բան են գրել տվել, որ  պաչկեն պրծնելուց հետո գնանք առնենք։ Մի անգամ նախարարություն  նամակ գրեցի, որ գոնե մի քիչ օգնեն, կարողանամ գնամ–գամ, երեխին ինչ պետք ա տանեմ, բայց մերժեցին, էլ որ օրն են զինվորի կողքին, էդ փորձանքը զորամասում ա եղել, ախր, մեր տանը չի եղել։ է՞ս ա զինվորի ու զինվորի ընտանիքի հանդեպ իրանց վերաբերմունքը.... խանութներից պարտք եմ արել, ինչ առել եմ, թող գան տեսնեն, խանութներին էնքա՜ն տալիք ենք»,–սրտնեղեց Սամվել Բաղիկյանը։

Թե ինչու են Կենտրոնական հոսպիտալում դեղերի որոշ մասը սոցիալապես ծանր վիճակում ապրող զինվորի ընտանիքից պահանջել, հետաքրքրվեցինք պաշտպանության նախարարության բժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանից։ Ի դեպ նա չզարմացավ տեղի ունեցածից, փորձեց արդարացնել.  «Դժվար, թե որեւէ լուրջ խնդիր առաջանար։ Ես ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, եւ կփորձեմ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, պիտի որ լուրջ դեղեր չլինեն,  քանի որ դեղորայքային բուժման կարիք չունի այս փուլում»։ 

Նշենք, որ Գայանե Հովհաննիսյանը դեռեւս ամիսներ առաջ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարն էր։

Անդրադառնալով  Դավիթի առողջական վիճակին՝ հայրն ասաց՝ արդեն վերականգնողական փուլում է։ Շուտով պետք է տեղափոխվի Երեւանի համալսարանական կլինիկա։  Այստեղ առաջիկայում բացվելու է վերականգնողական կենտրոն, իսկ մինչ այդ ծանր վիճակում գտնվող զինվորն ու հայրը աջակցության կարիք ունեն։ (Նրանց օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 094 24 60 69)։

Տպել