News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ուսանողների դասադուլը շարունակվում է. այսօր չորրորդ օրն էր: Չնայած անձրեւոտ եղանակին՝ առավոտյան դասադուլավորները նորից հավաքվել են Երեւանի պետհամալսարանի մոտ: Երեկ կառավարությունում կայացած հանդիպման մասնակիցները նախ պատմել են դրա արդյունքների մասին: Նրանք նշել են, որ ցանկանում էին խոսել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, եւ անակնկալի են եկել, երբ սրահ են մտել նաեւ պաշտպանության եւ կրթության նախարարները. վերջինի հետ ավելի վաղ արդեն հանդիպել էին: Հանդիպման արդյունքում, փաստորեն, ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել: Վիգեն Սարգսյանի առաջարկը՝ օրենքի ընդունումից հետո քննարկումներ կազմակերպել, առաջարկներ ներկայացնել եւ դրանք իրականացնել կառավարության որոշումների տեսքով, ակտիվիստները մերժել են:

Արդեն երեկոյան ուսանողները գնացել են Ազգային ժողով: Ցանկանում էին մասնակցել պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստին, որի ընթացքում պետք է քննարկվեր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին օրինագիծը։ Նիստը, սակայն, քվորումի բացակայության պատճառով չի կայացել: Առաջիկա երկու օրերին որեւէ ակցիա չի նախատեսվում: Դասադուլը նախաձեռնողները որոշել են քննարկել այս օրերի հանդիպումների արդյունքներն ու հետագա անելիքների մասին որոշում կայացնել: Խոստացել են կիրակի որոշման մասին հայտարարություն տարածել:

Սահմանադրական դատարանն այսօր բավարարել է «Լուսավոր Հայաստանի» դիմումը. արդյունքում Վանաձորի ավագանու կողմից կայացված բոլոր նիստերն ու որոշումները հակասահմանադրական են ճանաչվել: Դատարանը Հայաստանի Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթների՝ ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2018 թվականի մարտի 31-ը: Հիմա Ազգային ժողովը պետք է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի իրավակարգավորումները համապատասխանի այս որոշման պահանջներին:

«Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Վանաձորի ավագանին մեկ տարի շարունակ ապօրինի նիստեր է գումարել եւ որոշումներ կայացրել: Ասում է՝ ստեղծված իրավիճակին կա երկու լուծում. ավագանու լուծարում եւ արտահերթ ընտրությունների նշանակում կամ քաղաքապետի հրաժարական:

Հրաժարականի մասին Մարուքյանի հայտարարությունը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի ցանկանում մեկնաբանել՝ նշելով, որ օրակարգում ավագանու լուծարման կամ քաղաքապետի հրաժարականի հարց չկա: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը բարձր ատյան է, եւ այսօր կայացրած որոշումն իրականացվելու է օրենսդրական փոփոխությունների միջոցով: Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտել են ավագանու նիստերը, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, մինչ օրս նիստեր է գումարել՝ պնդելով, որ իրենք անօրինական ոչինչ չեն անում, օրենքն իրենց նման հնարավորություն տալիս է:

Շուրջ երկու շաբաթ Ազգային ժողովի հանձնաժողովներում ըստ ոլորտների քննարկեցին 2018 թվականի պետբյուջեի նախագիծը: Հաջորդ շաբաթ արդեն այն քննարկման կդրվի խորհրդարանի լիագումար նիստում: Թեեւ քվեարկությունը տեղի կունենա շաբաթվա ավարտին, սակայն խմբակցությունների դիրքորոշումն արդեն հայտնի են. ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն են կողմ են քվեարկելու, իսկ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները՝ դեմ։ Նշենք, որ միայն իշխանական կոալիցիան է այն համարում իրատեսական եւ հանրության բարօրությանը միտված բյուջե: «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները պնդում են, որ այն ապասոցիալական է: Երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ մատնանշում են սկսված եւ սպասվող գնաճը, մինչդեռ աշխատավարձերի, նպաստների ու թոշակների բարձրացում չի նախատեսվում: Կառավարության ներկայացուցիչները, իրենց հերթին, պնդում են, որ բյուջեն չունի հնարավորություն անգամ 1000 դրամով բարձրացնել թոշակները. միայն այդ դեպքում 5 միլիարդ դրամ կպահանջվի: Նշենք, այս բյուջեով կրճատվել են մի շարք ոլորտների հատկացումներ, մասնավորապես՝ կրթության ու առողջապահության ոլորտներում:

Ռուսաստանում հայկական վարորդական վկայականներով մեքենա վարելու խնդիրները, հնարավոր է, շուտով վերանան: Ռուսաստանի ԱԳՆ-ն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» դաշնային օրենքում փոփոխություններ է նախաձեռնել: Դրանով նախատեսվում է ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին հնարավորություն տալ ազգային վարորդական վկայականներով որպես վարորդ աշխատել Ռուսաստանում: Նշենք, որ հարցը քննարկվել է նաեւ ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների՝ հոկտեմբերին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտ կատարելու դեպքեր են հայտնաբերվել: Հոսպիտալում կադրային համալրվածության ուսումնասիրություն է կատարվել ու պարզվել, որ բժշկական բարձրագույն կրթություն եւ հավաստագիր չունեցող արտահաստիքային խորհրդատուին աշխատասենյակ են հատկացրել: Նրան նաեւ թույլատրել են անմիջական բուժօգնություն ցուցաբերել զինվորական հոսպիտալ դիմած անձանց: Վերջինն օգտվել է ընձեռված հնարավորությունից եւ բազմիցս ապօրինի աբորտ կատարել: Զինվորական դատախազության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երեկ ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ. հաշիվը՝ 4:1: Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ դարձան Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանն ու Էրիկ Վարդանյանը, իսկ Բելառուսի հավաքականից միակ գոլը խփեց Անտոն Սորոկան: Իսկ Հանրապետական մարզադաշտը գրեթե դատարկ էր. խաղին մեր հավաքականի փոքրաթիվ երկրպագուներ էին հետեւում: ՖԱՖ շարժումը խաղը դիտում էր քար լռությամբ, «Ռեդ Իգլս»-ը՝ սուլոցներով: Ֆուտբոլասերներն այս կերպ իրենց դժգոհությունն էին հայտնում աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում ազգային թիմի ձախողման կապակցությամբ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ երկրպագուներն այլեւս չեն ցանկանում նաեւ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում տեսնել Ռուբեն Հայրապետյանին:

Խաղից հետո գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտնել է, որ եւս 2 տարի գլխավորելու է Հայաստանի ազգային հավաքականը: Պետրոսյանը մեր ընտրանին գլխավորում է 2016 թվականի նոյեմբերից, իսկ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը:

Դոլարի վերելքը կանգ է առել, իսկ եվրոն ու ֆունտը թանկացել են շուրջ 3-ական դրամով: Նոյեմբերի 10-ին դոլարի փոխարժեքը կազմել է 487 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 8 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 640 դրամ:

Նոյեմբերի 11-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը 1-2 աստիճանով կբարձրանա, այնուհետեւ էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը հնարավոր է անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ