News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության նախագահությունը 2018 թվականին կփոխանցվի Հայաստանին: Գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը վստահ է, որ Հայաստանի նախագահության ընթացքում նույնպես կազմակերպության աշխատանքներն առաջընթաց կգրանցեն:

Մինչ այդ, կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներն այսօր խոսել են Կիեւի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Նշենք, որ Վեհաժողովի նիստի մեկնարկից առաջ, երբ պատվիրակությունների անդամները շուրջ մեկ ժամ սպասել են դահլիճում, պարզվել է, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց են քննարկում: Հայկական պատվիրակության ղեկավարին քննարկմանը չեն հրավիրել: Հայերը սա վիրավորանք են գնահատել ոչ միայն մեր պատվիրակության, այլեւ ամբողջ կառույցի հանդեպ ու որպես բողոքի նշան՝ լքել նիստերի դահլիճը:

Ավելի ուշ պարզվել է, որ ԽՎ-ի ընդունած Հռչակագրում տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ փոփոխություն է կատարվել, ինչը հակասում է միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին: Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ընդունված հակահայկական հայտարարությունն էական ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Ասում է՝ նախ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովը տնտեսական ուղղվածություն ունի, բացի այդ՝ արցախյան հակամարտությամբ զբաղվում է միջազգայնորեն ընդունված մեկ կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը թեմային անդրադարձել է նաեւ Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում կազմակերպության կանոնադրությանն ու սկբունքներին հակառակ գործելու փորձերը հարված են հասցնում կառույցի հեղինակությանը:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով դատաքննությունը վերջապես մեկնարկել է: Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօրվա նիստում մեղադրողները հրապարակել են խմբի անդամների մեղադրանքների եզրափակիչ մասերը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին: Արդունքում որոշվեց գործը բաժանել 3 մասի: Խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործերը՝ Մեսրոպ Մակյանն ու Արթուր Օհանյանը:

Ռուսաստանի մայրաքաղաքում նորից անբարենպաստ եղանակային պայմաններ են: Արդյունքում Մոսկվա-Երեւան մի քանի չվերթ է չեղարկվել: «Շերեմետեւո»-ի կայքի տեղեկություններով՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ չեղարկվել է «Էյր Ֆրանս» եւ «Աէրոֆլոտ» ընկերությունների 2 չվերթ։ Երեւանի «Զվարթնոց»-ի կայքում, սակայն, այդ մասին որեւէ տեղեկություն չկա: Ընդհանուր առմամբ, այսօր «Աէրոֆլոտը» 60 չվերթ է չեղարկել, եւս 35-ը՝ հետաձգել, այդ թվում՝ դեպի եվրոպական ու ասիական մի շարք քաղաքներ, ինչպես նաեւ ներռուսաստանյան չվերթներ:

Դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Լուսինն այս տարվա ընթացքում Երկիր մոլորակին ամենամոտ հեռավորությամբ է եղել՝ ընդամենը 357 հազար 495 կմ: Այս երեւույթը սուպերլուսին են կոչում. Լուսինն այդ ժամանակ հասնում է բարձրակետին եւ 30 տոկոսով ավելի պայծառ ու 14 տոկոսով ավելի մեծ է թվում, քան սովորական լիալուսնի ժամանակ: Երկնային մարմինը նաեւ վառ նարնջագույն է դառնում: 2018 թվականի հունվարի 2-ի եւ 31-ի լիալուսնի ժամանակ նույնպես Երկրի բնակչությունը սուպերլուսնի ականատես կլինի: Ընդ որում, հունվարյան սուպերլուսիններից մեկը կուղեկցվի լուսնի ամբողջական խավարմամբ:

Չնայած դեկտեմբերը նոր է սկսվել, ամենուր արդեն ամանորյա տրամադրություններ են: Շվեյցարիայում նշել են լեռնադահուկային սեզոնի բացումը. Վերբյե հանգստավայրում Սանտա Կլաուսի հագուստով շուրջ 2700 մարդ զանգվածային մրցավազքի է մասնակցել: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները գրանցել են միջոցառումը:

Դեկտեմբերի 4-ը նաեւ Ձմեռ պապին նամակներ գրելու եւ Ամանորի նվերներ պատվիրելու օր է: NEWS.am-ը որոշեց հարցում անցկացնել Երեւանի փողոցներում՝ պարզելու համար, թե ինչ նվերներ են ակնկալում երեւանցի փոքրիկները հրաշագործ սպիտակամորուս պապից: Ժամանակակից երեխաների մեծ մասը, պարզվում է, տեխնոլոգիաների սիրահար է. նրանք Ձմեռ պապից iPhone են խնդրել:

Դեկտեմբերի 4-ին դոլարն աննշան թանկացել է, իսկ եվրոն ավելի քան 2 դրամով էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 574, ռուբլունը՝ 8 դրամ 22 լումա, ֆունտինը՝ 650 դրամ:

Դեկտեմբերի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկն ու 7-9-ը 5-7 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1-3 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +3+5 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ