News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


29 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժը ցնցեց Հայաստանը: Ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ամբողջ հյուսիսային մասը: Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ: Երկրաշարժի հետեւանքով հիմնովին ավերվել է Սպիտակ քաղաքը, տարերքն ընդգրկել է 21 քաղաք ու ավան, 324 գյուղ:

29 տարի անց, սակայն, աղետի գոտին դեռ չի վերացել, անտուն մնացած ընտանիքներից շուրջ 4 հազարը շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, անմարդկային պայմաններում: Տարբեր տարիների եւ տարբեր առիթներով իշխանությունները խոստանում են վերացնել աղետի գոտի հասկացությունը, ամբողջությամբ վերականգնել ավերիչ երկրաշարժից տուժած շրջանները, բայց սայլը տեղից չի շարժվում: Նոր կառավարությունը նույնպես աղետի գոտու հետ կապված ծրագրեր ունի: Ի դեպ, այսօր երկրաշարժի զոհերի հիշատակի արարողությանը մասնակցելու համար բարձրաստիճան պաշտոնյաներից Գյումրի էր այցելել միայն վարչապետը: Կարեն Կարապետյանը գյումրեցիներին խոստացել է, որ քաղաքում կյանքը սկզբունքորեն փոխվելու է: Կառավարության ղեկավարի լավատեսությունը, սակայն, գյումրեցիները չեն կիսում: Ասում են՝ իշխանությունների կողմից անտեսված են. ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ ապագայի հանդեպ հույս:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի հանձնարարականների մի մասն արդեն վերաբերել են հաջորդ տարվան. մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագիր, արդեն մշակված եւ նոր մշակվող ներդրումային ծրագրեր եւ այլն: Պետեկամուտների կոմիտեին ու առեւտրային բանկերին էլ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տոնական օրերին՝ մինչեւ հունվարի 8-ն արտակարգ ռեժիմով աշխատել:

Գործադիրը որոշել է նաեւ ներել սերմի ու պարարտանյութերի համար 2011-2016 թվականների գյուղացիների պարտքերը: Վարչապետը, սակայն, կոչ է արել ապագայում թույլ չտալ, որ պարտքեր կուտակվեն: Սուրեն Կարայանն էլ ներկայացրել է «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը: Ուզում են բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է շուրջ 25 մլն դոլարի ներդրում կատարել ու ավելի քան 400 աշխատատեղ ստեղծել: Բայց միայն մեկ ներդրողի առավելություն տալուն եւ պոտենցիալ ներդրողների գործունեությունը սահմանափակելուն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը կողմ չէ: 

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները նորից հանդիպել են: Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումն այս անգամ կայացել է Վիեննայում: Նրանք նախ զրուցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ կառույցի գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպման օրակարգում երկու երկրների ղեկավարների՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիներն են եղել: Եռանախագահները Նալբանդյանին ու Մամեդյարովին առաջարկել են հաջորդ հանդիպումը կազմակերպել 2018 թվականի սկզբին:

Աշխարհը քննարկում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի որոշումը: Դոլանդ Թրամփն այդ մասին հայտարարեց երեկ՝ նշելով, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունն էլ Թել Ավիվից Երուսաղեմ են տեղափոխելու: Թրամփը համոզված է, որ իր այս որոշումն իրականության ճանաչում է նշանակում:

Նման իրականության ճանաչման հարցում, սակայն, ԱՄՆ-ն միայնակ է: Որոշումը միայն Իսրայելի հավանությանն է արժանացել: Մինչդեռ Մերձավոր Արեւելքի այլ երկրների նախագահները, ինչպես նաեւ Արաբական պետությունների լիգան դեմ են արտահայտվել որոշմանը, ինչը սպասելի էր: Եվրոպան նույնպես հիացած չէ: Թրամփի քննադատները մտավախություն ունեն, որ Իսրայելին արված սկզբունքային զիջումը կարող է պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր սրման բերել, այսպես ասած, խաչ քաշել բանակցությունների վրա եւ հանգեցնել ԱՄՆ-ում ու աշխարհում ահաբեկչության աճի: Ամերիկյան նախագահի որոշումը շատ երկրների ներկայացուցիչներ որակել են որպես անզորության եւ ձախողման նշան, միջազգային իրավունքի ոտնահարում, խորը մտահոգություն հայտնել Թրամփի հայտարարության հնարավոր հետեւանքների կապակցությամբ, ինչպես նաեւ նշել, թե այս որոշումն ապացուցում է, որ ԱՄՆ-ն այլեւս չի կարող գերտերության դեր խաղալ: Կրեմլում էլ ամփոփել են այս մտահոգությունները՝ հայտարարելով, որ այս որոշումը հանգեցրեց միջազգային հանրության պառակտման:

Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Իսրայելի բանակի ստորաբաժանումները մի շարք քաղաքներում բարձր մարտական պատրաստվածության վիճակի են բերվել՝ պաղեստինցի արաբների կողմից սպասվող բողոքի ցույցերի ֆոնին: Պաղեստինում զանգվածային գործադուլներ են, մարդիկ փողոցներ են դուրս եկել, ի նշան բողոքի ամերիկյան դրոշներ այրել, իսկ Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցի եւ իսրայելցի զինծառայողների միջեւ բախումներ են գրանցվել:

Լարվածության լրացուցիչ օջախ է դարձել հենց Երուսաղեմը: Տաճարի լեռան վրա ուրբաթօրյա աղոթքից առաջ այստեղ նույնպես անվտանգության միջոցառումները խստացվել են: Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմում էլ պաղեստինցիները Ծննդյան տաճարի մոտ հանգցրել են գլխավոր տոնածառի լույսերը: Պաղեստինյան կողմից արդեն նաեւ սպառնալիքներ են հնչել. իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման ղեկավարն ԱՄՆ նախագահի որոշումը պաղեստինցի ժողովրդի եւ նրա սրբությունների դեմ ագրեսիա է որակել՝ խոստանալով Երուսաղեմի համար վրեժ լուծել թե՛ Իսրայելից, թե՛ ԱՄՆ-ից:

Լոռիում վթարի հետեւանքով զինվորականներ են տուժել: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Ford մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու ընկել Շահումյան գյուղի տներից մեկի բակ: Վարորդին եւ ուղեւորին փրկարարներն ու գյուղացիները դուրս են բերել մեքենայից եւ տեղափոխել Վանաձորի զինվորական հոսպիտալ: Մեր տեղեկություններով՝ տուժածները զինվորականներ են: Վարորդը միջին ծանրության վնասվածքներ է ստացել, իսկ ուղեւորի վիճակը ծանր է:

Երեւանում դեկտեմբերի 6-ի երեկոյից ձյուն էր տեղում, առավոտյան արդեն մայրաքաղաքն ամբողջությամբ ծածկված էր ձյան շերտով: Ձնագնդի խաղալու կամ ձնեմարդ պատրաստելու մասին խոսելը, գոնե Երեւանում, իհարկե, դեռ վաղ է: Իսկ վարորդների համար խնդիրներ ձյունն արդեն ստեղծել է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է հանրապետության տարբեր վայրերում ձյան մեջ արգելափակված մեքենաների մասին:

Հանրապետության ամբողջ տարածքում դժվարանցանելի ճանապարհներ կան, որոշ հատվածներում ձյուն եւ մերկասառույց է: Առատ ձյուն է տեղացել նաեւ Վրաստանի լեռներում: Վրացական աղբյուրները հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար փակ է:

Դոլարը շարունակում է վերելքը, իսկ եվրոն թուլանում է: Դեկտեմբերի 7-ին դոլարի փոխարժեքը կազմել է արդեն 485 դրամ, եվրոյինը՝ 572, ռուբլունը՝ 8 դրամ 20 լումա, ֆունտինը՝ 649 դրամ:

Դեկտեմբերի 8-ին հանրապետության հյուսիսային շրջաններում թույլ ձյուն կտեղա: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի: Երեւանի առանձին հատվածներում վաղը հնարավոր է թույլ ձյուն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +1+3 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ