News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթից հետո բաց նամակով դիմել է իրավապահներին: Նա Facebook-ի իր էջում հրապարակած նամակն ուղղել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի գործընկերներ,

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ, որում նշել է.

«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:»։

Ելույթի մեկ այլ հատվածում նշված է. «Ընդհանուր առմամբ, մեր կատարած վերլուծությունները ցույց են տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման միավորների եւ գործադիր իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ մի շարք նախարարությունների միջեւ գոյություն ունի խզում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շահագրգիռ կողմերն ամեն կերպ խուսափում են առկա հարցերն ու դրանց համար անհրաժեշտ լուծումները քննարկելու հնարավորությունից` նույնիսկ քննարկելու հնարավորությունից:

Սա լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է հաղթահարել: Բոլոր ծրագրերի մշակման եւ իրագործման փուլում պետք է իրականացվեն բազմակողմ շահագրգիռ քննարկումներ, որոնք ամբողջությամբ կներառեն եւ կարտացոլեն տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման կարիքները: Ի վերջո, այդ ծրագրերը հենց մեր համայնքների ամրապնդման համար են իրականացվում, այլ ոչ թե մեկ այլ նպատակով»։

Վերոգրյալ դիրքորոշումների հետ անհնար է չհամաձայնվել։ Վստահ եմ, որ արդեն իսկ տեղյակ եք, որ Նոր Կյանք համայնքի շահերը պաշտպանելու համար իմ կողմից ձեռնարկվել եւ ձեռնարկվում են իրավական գործընթացներ։ Դրանց նպատակն է վերականգնել համայնքի սեփականության իրավունքը համայնքի համար կենսական նշանակություն ունեցող հողամասի մասով, որը ոչ իրավաչափորեն օտարվել է նախկին համայնքի ղեկավարի ընտանիքի անդամին, համայնքի համար կենսական նշանակություն ունեցող այդ տարածքում ներգրավել ներդրումներ եւ հանձնել համայնքի բնակիչների օգտագործմանը, վերականգնել կատարված չարաշահումների արդյունքում համայնքի բյուջեին պատճառված վնասները (հնարավոր է նաեւ պետական բյուջեին պատճառված վնասը չհաշվարկված հարկերի տեսքով)։ Ներկայացված երկու հաղորդումներից մեկով (որը վերաբերում էր մանկապարտեզում կատարված չարաշահումներին, մասնավորապես, երեք տարի շարունակ պարգեւավճար ձեւակերպելուն եւ չվճարելուն եւ այլ խախտումներին) հարուցվել է քրեական գործ, իսկ մյուսով, որը վերաբերում էր համայնքի ավագանու նիստերի արձանագրությունները կեղծելուն եւ պաշտոնական լիազորությունները անցնելուն, քրեական գործ չի հարուցվում անհասկանալի պատճառներով։ Ներկայումս քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկվում է դատարանում։

Հատկանշական է, որ այս պրոցեսում հանդիպել ենք երեւույթների, որոնք համատեղելի չեն վերը նշված հռչակված սկզբունքների հետ: Որպես օրինակ.

1. ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ դատախազությունը բավարարվել են որոշ շահագրգիռ անձանց բացատրություններով, ըստ որոնց վերջիններս չեն կատարել որեւէ հակաիրավական արարք։ Բացատրությունները հաճախ զավեշտալի են եղել, մասնավորապես, որ անձանցից մեկն ունի երկու ստորագրություն, մինչդեռ ներկայացվել են առնվազն տվյալ անձի անվան դիմաց դրված երեք ստորագրություն, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միմյանց։

2. Չեն պահանջվել եւ ուսումնասիրվել 2004-2016 թվականների նիստերի արձանագրությունները, դրանք առհասարակ առկա չեն գործի նյութերում, թեեւ հաղորդման առարկան հենց դրանց է վերբերել։

3. Նյութերի նախապատրաստության փուլում արձանագրվել է, որ թեեւ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներին, սակայն վարույթ իրականացնող մարմինը հիմք ընդունելով որեւէ կերպ չապացուցված փաստերը եզրահանգել է, որ դրանք չունեն հանրային վտանգավորություն։

4. «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով առհասարակ քննություն չի տարվել դրանք հաստատելու եւ պատճառները պարզելու ուղղությամբ։

Ամփոփելով վերոգրյալը, եղել են քրեական գործ հարուցելու բոլոր անհրաժեշտ հիմքերը, սակայն գործ չի հարուցվել։ Վստահ ենք, որ դատական ճանապարհով հնարավոր կլինի վերացնել նշված բացթողումները, սակայն կցանկանայի, որ իրավապահ մարմինները գործի հետագա քննության ընթացքում լինեն օբյեկտիվ եւ կատարեն բազմակողմանի քննություն՝ ղեկավարվելով հանրային շահով։

ՀՀ ֆինանսների նախարարության՝ որպես գնումների գործընթացի կարգավորումը եւ համակարգումն իրականացնող մարմնի, ՀՀ վերահսկիչ պալատի՝ որպես բյուջետային ելքերի եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի, ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ Նոր Կյանք համայնքում կատարված մի շարք գնումներ չեն համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Այս մասով, դիմել ենք ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ համոզվելու համար, որ gnumner.am կայքում նշված գործարքների մասով չկա որեւէ հրապարակում։ ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ եթե համապատասխան հայտարարությունները չեն տեղադրվել կայքում, ապա առկա է օրենքի խախտում, միաժամանակ հորդորել են դիմել Արարատի մարզպետարան, քանի որ վերջինս է պարտավոր համապատասխան հայտարարությունները տեղադրել gnumner.am կայքում։ Արարատի մարզպետարանը (ի դեմս աշխատակազմի ԺՊ Մ. Աբրահամյանի, ով հանդիսանում է Նոր Կյանքի նախկին համայնքապետը), ի պատասխան մեր դիմումի, հայտնել է, որ չի տիրապետում նման տեղեկատվության։

Այստեղ ակնհայտ է, որ որոշ գործարքներ չեն համապատասխանել օրենքին, դրանք կատարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքով նշված ընթացակարգերի խախտումով, հետեւաբար խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ պարզելու թե՛ գնումների կատարման սահմանված ընթացակարգերի խախտման փաստերը, թե՛ պարզելու Արարատի մարզպետարանի կողմից նման պատասխան տալու պատճառները»։

Տպել
Ամենաշատ