Այսօր՝ հունվարի 10-ին, առավոտյան 10:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի գյուղապետը ոստիկանության Կոտայքի մարզային վարչությանն ահազանգել է, որ նշված գյուղի իր տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել գյուղի բնակիչ, 59-ամյա Աշոտ Գրիգորյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական վարչության բաժնի պետ Վալենտին Պապյանը, ավագ քննիչը, դատաբժիշկը եւ քրեագետը: Դատաբժիշկը դիակի փորձաքննություն է կատարել, ինչից հետո դիակը տեղափոխվել է Հրազդանի դիահերձարան:

Ըստ նախնական տեղեկությունների, մահը ինքնասպանության արդյունք է, սակայն դատաբժիշկը նախնական եզրակացություն է տվել, որ դիակի վրա առկա են բռնության հետքեր: Ի դեպ, բակում լվացքի պարանից կախված է եղել մի գրություն, որը քննչական մարմինն առգրավել է, իսկ տան հատակին արյան հետքեր էին: Գետնին հայտնաբերվել են նաեւ կանացի երկու ականջօղեր: 

Ոստիկանություն է տարվել նաեւ մահացած Աշոտ Գրիգորյանի կինը՝ Աիդան, ում վրա եւս, ըստ գյուղի բնակիչների, մարմնական վնասվածքներ են եղել: Հնարավոր է՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվի, որ դեպքը ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է եղել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի