News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով 64 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է համարվում: «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է կիրակի:

Մասնագետներն արդեն ուսումնասիրում են ողբեգրության հնարավոր պատճառները: Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի պատճառ կարող էին դառնալ շենքում էլեկտրամոնտաժման եւ էլեկտրացանցի սպասարկման ժամանակ թույլ տրված խախտումները: Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն էլ՝ կրակը կարող էր բռնկվել մանկական ատրակցիոնում էլեկտրահաղորդման լարերի կարճ միացման հետեւանքով:

Ականատեսները պատմել են, որ հրդեհի ազդանշան չի հնչել, մարդկանց տարհանում չի կազմակերպվել: Արդյունքում առեւտրի կենտրոնում գտնվողները խուճապի են մատնվել, հրմշտոց է առաջացել: Ոմանք շենքից դուրս պրծնելու համար պատուհաններից են նետվել: Ողբերգության փաստով քրեական գործ է հարուցվել, 4 մարդ կալանավորվել է: Հավելենք, որ Ռուսաստանի ԱԻՆ նախնական տվյալներով՝ առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով տուծածների եւ զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում դժբախտ դեպք է տեղի ունեցել. ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում ժամկետային զինծառայող է մահացել՝ 19-ամյա Արմեն Հարությունյանը: Զինծառայողը Երեւանի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել հունվարին: Նա Հարությունյանների ընտանիքի երկրորդ զավակն էր: Զինծառայողի դին Երեւան են տեղափոխել: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

Մարտի 24-25-ին հանրապետությունում գրանցված ուժեղ քամիները ավերածություններ են առաջացրել մի շարք շրջաններում: Վանաձորում քամին վնասել է բնակելի տների ու շենքերի տանիքները, քշել է նաեւ քաղաքի կարի արտադրամասի տանիքը: Հանրապետության որոշ հատվածներում քամու արագությունը հասել է մինչեւ 35 մ/վ-ի: Շենքերի տանիքներ են վնասվել նաեւ Տավուշում, Շիրակում եւ Գեղարքունիքում: Սպիտակում ծառը մեքենայի վրա է ընկել, Գուգարք գյուղն էլ ուժեղ քամու հետեւանքով մի քանի ժամ հոսանքազրկվել է: Այս ամենի հետեւանքով զոհեր, բարեբախտաբար, չկան:

Սահմանադրության փոփոխություններից հետո պարզ էր, որ Հայաստանի վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորություն կունենա խորհրդարանական մեծամասնությունը, այս դեպքում՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին հայտարարել է Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ փողոցային պայքարի կարիք, որի մասին հայտարարում են ընդդիմության ներկայացուցիչները, չի տեսնում, նաեւ դրա ռեսուրսը չկա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ապրիլի 9-ից, երբ ավարտվում է գործող նախագահի լիազորությունների ժամկետը, մինչեւ ապրիլի 17-ը, երբ խորհրդարանը երկրի վարչապետ է ընտրելու, իշխանությունը փողոցում նետված է լինելու, պետք է գնալ ու վերցնել այն, դաշնակցական գործիչը հեգնել է. իսկ ո՞ր փողոցում: Փաշինյանի հայտարարությանը հումորով է վերաբերվում նաեւ հանրապետական խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին. «Ելք»-ից Գեւորգ Գորգիսյանը կարծում է, որ այդ պաշտոնը ստանձնած ցանկացած անձ, իր բնորոշմամբ, անկառավարելի դեւ է լինելու, քանի որ հակակշիռ չի լինելու:

Եվրամիության անդամ 28 պետություններից 14-ը որոշել են արտաքսել ռուս դիվանագետներին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Լոնդոնի հետ համերաշխության: Դոնալդ Տուսկը չի մանրամասնել այդ երկրների անունները, ինչպես նաեւ չի հայտնել արտաքսվող դիվանագետների թիվը: Սակայն նման որոշման մասին հայտնել են Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան: Միացյալ Նահանգներն իր հերթին հայտարարել է ռուսական հետախուզության տասնյակ սպաների արտաքսելու եւ Սիեթլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշման մասին: Այս երկրներին միացել է նաեւ Ուկրաինան. Կիեւը հայտարարել է, որ երկրից արտաքսելու է ռուսաստանցի 13 դիվանագետի:

Մոսկվան էլ հայտնել է Ռուսաստանից ամերիկյան 60 դիվանագետի արտաքսելու մտադրության մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ից նույնքան ռուս դիվանագետների արտաքսման: Այստեղ նաեւ հայտարարել են, որ պատասխան գործողությունները հայելային կլինեն, նույնը կլինի նաեւ արտաքսվող դիվանագետների թիվը: Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը թունավորվել են մարտի 4-ին, անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են: Սկրիպալներին թունավորելու համար Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում:

Վորոնեժում մարտի 20-ին հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով տուժածներից 49-ամյա Դավիթ Սարդարյանն այսօր մահացել է: Նա Պավլովսկի հիվանդանոցում էր, վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում: Հիշեցնենք, որ մարտի 20-ին Երեւան-Մոսկվա երթուղին իրականացնող հայկական համարանիշերով Mercedes մակնիշի ավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի հանդիպակաց գոտի եւ բախվել մի բեռնատարի: Պատահարի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 8 տուժած տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել Պավլովսկի հիվանդանոց: Զոհվել էին ավտոբուսի ուղեւորներից Արտակ Սուքիասյանը եւ բեռնատարի վարորդը: Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Երեւանում գրանցված «ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերությանը:

Յուրա Մովսիսյանը շվեդական ակումբ է տեղափոխվել: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը 6 ամսվա պայմանագիր է կնքել «Յուրգորդենի» հետ, որը երկարաձգելու հնարավորություն ունի: Նշենք, որ Շվեդիայի առաջնությունում «Յուրգորդենը» 3-րդ տեղն է գրավել  եւ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճել: Յուրա Մովսիսյանը 2016 թվականից խաղում էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում,  իսկ մինչ այդ հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» եւ «Սպարտակում»: Ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ կկարողանա օգտակար լինել շվեդական թիմին տիտղոսներ նվաճելու հարցում:

Խոսելով Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած տարիների մասին՝ 30-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դա մեծ փորձ էր իր համար: Յուրա Մովսիսյանը 2010-2015 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում 35 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 10 գոլի հեղինակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի որոշմամբ՝ վերջին շրջանում նա հավաքական չի հրավիրվում:

Մարտի 26-ին դոլարը, եվրոն եւ ֆունտը թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 596, ռուբլունը՝ 8 դրամ 44 լումա, ֆունտինը՝ 683 դրամ:

Մարտի 27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ