News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Տավուշի մարզում գտնվող Գետահովիտ -2 փոքր քարայրը (մոտ 64 քառ․մետր մակերեսով) տեղեկություններ է պահպանել միջին դարերի, էնեոլիթի (Ք․ա 5-4 հազարամյակ), նեոլիթի (Ք․ ա 6-5 հազարամյակ) ու վերին պալեոլիթի (ավելի քան 20 հազար տարի առաջ) մասին։ Վերին պալեոլիթի շերտեր կան նաև Սյունիքի մարզի Աղիտու 3 քարանձավում, բայց հետաքրքրական է, որ Աղիտու քարանձավի հին շերտերը տարեգրված են  40 000 մինչեւ 23 000 տարի մեզանից առաջ։ Մինչդեռ Գետահովիտը լրացուցիչ աղբյուր է, որը պատկանում է 25000 – 23000 տարի  մեզանից առաջ ժամանակահատվածին, ինչը համապատասխանում է Աղիտուի վերին շերտերին, այսինքն Գետահովիտի հետազոտությունը կարող է լրացնել մեր պատկերացումները Հայաստանի վերինպալեոլիթյան բնակչության մասին, առավել եւս, որ Աղստեւի հովիտը՝ Որոտան գետի կիրճի համեմատ,  բոլորովին այլ երկրաբանական- աշխարհագրական աշխարհ է իրենից ներկայացնում։ Սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով 2018-ին այդ եզակի քարայրի պեղումները կարող են դադարեցվել։    

Գետահովիտ քարայրի հնագիտական արշավախմբի ղեկավար, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից  Իրենա Քալանթարյանը պարզաբանում է, որ Հայաստանում վերին պալեոլիթի շրջանի գիտական հետազոտությունը շատ կարևոր է՝ ֆիքսված հուշարձանների փոքր քանակության պատճառով։  Գիտնականները նաեւ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ուշ նեոլիթին, որի մասին տեղեկություններ Հայաստանում գրեթե չկան։ Հայաստանի ու Հարավ- կովկասյան տարածաշրջանի համար հնագիտական առանցքային հարցերից մեկն է մնում «նեոլիթյան բնակիչների» կենսակերպի ու տնտեսության վերարտադրությունը։

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մոտակայքում Խաչաղբյուր գետի (Աղստեւ գետի ձախակողմյան վտակի) կիրճում 960 մետր բարձրության վրա գտնվող «Գետահովիտ» երկու քարայրերը հայտնաբերվել են 2010-ին հայ- ֆրանսիական համատեղ գիտարշավի շրջանակում։

Հսկիչ պեղումների ընթացքում որոշվել է հետազոտել «Գետահովիտ 2» քարանձավը։ Չնայած այն չափսերով ավելի փոքր է, բայց ավելի մեծ հնագիտական ներուժ ունի ։

Քարանձավում գիտական աշխատանքները սկսվել են 2011-ին՝ սկզբում հնագետները բացահայտել են միջնադարյան շերտերը, հետո՝ պղնձի դարի (էնեոլիթի) շերտերը՝ բնորոշ սպիտակ շերտանստվածքով, կենդանիների ոսկորների մնացորդներով ու ոսկորներից ու օբսիդիանից պատրաստված գործիքներով ։

Առաջին եզակի գտածոն միջնադարյան  յուրօրինակ դամբարանն էր։ Ինչպես նշեց Իրենա Քալանթարյանը, երկու տարաժամանակյա թաղումներով, նավակաձեւ, սալարկղային, երկխուց դամբարանը թվագրվում է ոչ ավելի վաղ, քան 11-12–րդ դարերով։ Ամենայն հավանականությամբ երկրորդ թաղման ժամանակ սալերից մեկը վերադրվել է, ստեղծելով երկրորդ խուցը, եւ առաջին թաղվածի ոտքի ոսկորները հավաքվել եւ դրվել են ձեռքերի ոսկորների վրա։

Մասնագետը նշում է, որ թաղումը համապատասխանում է միջնադարյան  բոլոր կանոններին՝ հանգուցյալները պառկած են մեջքի վրա, կրծքի մասում խաչված ձեռքերով։ Բայց ինչու էին այդ մարդկանց թաղել եկեղեցական գերեզմանոցի սահմաններից դուրս՝ հասկանալի չէ։ Գուցե նրանք աղանդավորներ են եղել կամ էլ գուցե մարդիկ քարայրից հեռանալու հնարավորություն չեն ունեցել։

Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, ու 2014-ին արված  հետազոտական փոսորակը բացել է քարանձավի ամբողջ ժամանակագրական ընդգրկումը՝ միջնադարյան շերտը, հետո ստերիլ շերտը, էնեոլիթը, նեոլիթը, նորից ստերիլ շերտը, ու ներքևում, արդեն հողի վրա բացվել է փոս՝ ստրուկտուրա համար 73–ը, որի մեջ օբսիդիանի միկրոլիտներ էին։ Ռադիոկարբոնային վերլուծությունը ցույց է տվել , որ այն պատկանում է վերին պալեոլիթի դարաշրջանին ՝ 24-23 հազար տարի մեզանից առաջ։

Միջնադարյան գտածոները, ինչպես պատմում է Իրենա Քալանթարյանը, շատ բազմազան են՝ այստեղ կան եւ ժամանակավոր կրակատեղիների հետքեր, եւ՛ երկար ժամանակ գործածված օջախների ու թոնիրների հետքեր, եւ՛ կավե սպասք։ Հողի վրա՝ նեգատիվի տեսքով պահպանվել են բուսական նյութերից՝ գուցե փայտից պատրաստված առարկաների հետքերը։ 

 

2016-ին հնագետները  որոշել են պեղումներ կատարել քարայրի մոտ գտնվող դարավանդի վրա, ու պարզվել է, որ միջին դարերում մարդիկ ոչ միայն բուն քարայրն էին օգտագործում, այլեւ դրա մատույցները ։ Այստեղ կար տնտեսական հոր՝ մեծ կավե կարասով (որը հետագայում վերականգնել են) ու փոքր գավաթով։

Հայտնաբերվել է նաեւ մատանի, գուցե երկաթյա, որի վրա արաբերեն փորագրություն կար։ Մասնագետի խոսքով՝ այդ գրությունը կարդացվում է «Լիլլահի Լահ», ինչը նշանակում է՝ «Ալլահինը Ալլահին»։ Մատանին վկայում է դրա տիրոջ հատուկ սոցիալական կարգավիճակի մասին, ու այն մասին, որ նա ամուսնացած էր։ 

 

Գետահովիտի միջնադարյան շերտերը ընդգրկում են 10-13-րդ դարերը։ Ըստ պատմաբանների՝ 9-11 դարերում Աղստեւ գետի հովիտը, որպես Բագրատունիների թագավորության մի մաս, Կյուրիկյանների տիրապետության տակ է գտնվել, իսկ 12-14 րդ դարերում՝ Զաքարյանների։  

«Սպիտակ հատակը», ավելի ճիշտ մոխրագույն – երկնագույն հատակը, արդեն պղնձե- քարե դարի շերտերից են։ Գուցե սա կալցիտային նստվածքներ են, բայց կա տեսակետ, որ դա այրված կոպրոլիտներից գոյացած մոխիրն է։

Խրված ցցերի հետքերը (posthole)։ Երբեմն դրանք կանոնիկ ձեւ ունեն, ինչը վկայում է ինչ-որ կառույցների մասին։ Բայց այս դեպքում անցքերը քաոտիկ են, սակայն հետաքրքիր է այն, որ դրանք միշտ օջախի կողքին են։ Իրենա Քալանթարյանը ենթադրություն է հայտնում, որ օջախի մոտ խրված ցցերի վրա ինչ-որ բան էին չորացնում, կամ ապխտում։

Քարայրի պատի տակ  գտնվել է քարե  զնդան, որի վրա մշակում էին օբսիդիանը՝ աշխատանքային գործիքներ պատրաստելու համար։

Կավից պատրաստված եւս մեկ հետաքրքիր ու անհասկանալի կառույց, որը հնագետները դրենաժ են անվանել՝ ենթադրելով, որ այն օգտագործվել է ջրահեռացման համար։  

Հետաքրքիր է, որ քարայրում հայտնաբերված ոսկորները հիմնականում վայրի կենդանիների էին պատկանում, այսինքն քարայրում բոլոր ժամանակներում որսորդներ են բնակվել։  

Քարանձավը նաեւ տեղեկություններ է տվել այն մասին, թե ինչ պտուղներով էին սնվում նախնադարյան մարդիկ։ Էնեոլիթյան շերտում հայտնաբերվել են վայրի խաղողի կորիզներ  (Vitis sylvestris; Vitaceae)։ Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ վայրի խաղողի էնեոլիթյան գտածոն առանձնահատուկ կարևեւորություն ունի, քանի որ այդ տեսակը մշակովիի (Vitis vinifera) նախնին է հանդիսանում, եւ այդ գտածոն կարող է լույս սփռել խաղողենու ընտելացման եւ գինեգործության ակունքների վրա:

Քարանձավում հայտնաբերվել են նաև Կովկասյան փռշնիի, ալոճենու, մոշի, ելակի, մասուրի ու սալորի մնացորդներ։ Սա վկայում է այն մասին, որ բուսահավաքությունը կարեւոր դեր էր կատարում էնեոլիթի դարաշրջանի Գետահովիտ 2 քարանձավի բնակիչների կյանքում։  

«Քարանձավի հետագա հետազոտությունները շատ կարեւոր են, դրա գիտական ներուժը շատ մեծ է։ Այն դեռ պետք է իր խոսքն ասի այն դարաշրջանների մասին, որոնց մասին մենք բավականաչափ գիտելիքներ չունենք՝ ուշ նեոլիթ-էնեոլիթի ու վերին պալեոլիթի մասին», -ասում է Իրենա Քալանթարյանը։ Հնագետի խոսքով՝  դեպի քարանձավ կարելի է նաեւ տուրիստական երթուղի կազմակերպել, բայց դրանք ապագայի ծրագրեր են, իսկ մինչ այդ պետք է լուծել ֆինանսավորման հարցը։

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ