News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր քայլարշավն ընդդիմության համար պաշտոններ ապահովելու նպատակ չի հետապնդում: Այսպիսով Փաշինյանը կրկին անդրադարձել է «Ելք» դաշինքից իր գործընկեր Էդմոն Մարուքյանի հոդվածին, որը տարատեսակ մեկնաբանություններ է ծնել: Հոդվածում Մարուքյանը ենթադրություն էր հայտնել, որ «Ծառուկյան» դաշինքը շուտով կարող է իշխանության մաս կազմել, եւ ընդդիմության «մենաշնորհը» կմնա «Ելք»-ին: Այդ դեպքում, ըստ Մարուքյանի, իշխանությունը պետք է «Ելք»-ին մի շարք պաշտոններ տա՝ որպես իշխանությունների վերահսկման այլընտրանք: Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել էր՝ գործընկերոջը կոչ անելով զերծ մնալ նման հայտարարություններից:

Մարուքյանի հոդվածին այսօր անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ն. Վահրամ Բաղդասարյանն ընդդիմադիր դաշինքին առաջարկել է պաշտոնների համար գրավոր դիմել, իրենք էլ կմտածեն: Կարեւորը, նրա խոսքով, պատասխանատվություն ստանձնելն է: Իսկ «Ելք»-ում խոստովանում են, որ տարաձայնություններ եւ խնդիրներ կան, սակայն Գեւորգ Գորգիսյանը դա ժողովրդավարության դրսեւորում է համարում: Նա նաեւ հույս ունի, որ կկարողանան լրացուցիչ աշխատանք տանել եւ թույլ չտալ, որ դաշինքը պառակտվի:

Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ եկած նորածինը երեւանյան հիվանդանոցներից մեկում մահացել է: Հարազատները պնդում են, որ երեխան մահացել է բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով: «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի տնօրենը, որտեղ մահացել է փոքրիկը, նշում է, որ կինը ծանր ծննդաբերություն է ունեցել՝ ընկերքի շերտազատումով:

Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ՝ ծննդաբերությունից 20 օր առաջ կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, բուժում է ստացել: Սակայն հետագայում արյունահոսությունը վերսկսվել է, եւ մասնագետները որոշել են կեսարյան հատում անել: Բժիշկները կարողացել են փրկել մոր կյանքը, հետո վերակենդանացրել են երեխային ու Երեւան տեղափոխել: Մասնագետը պնդում է, որ փոքրիկը ծանր վիճակում է եղել. անհաս՝ 1700 գրամ քաշով, թոքային լուրջ խնդիրներով ու այլ հիվանդություններով: Ցավոք, նորածնի կյանքը փրկել չի հաջողվել: Ծնողները դիմել են իրավապահ մարմիններին և դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:

Ռուսաստանի առեւտրի կենտրոններում, կարծես, հակահրդեհային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Այսօր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Պերսեյ» առեւտրի կենտրոնում: Շուրջ 300 մարդ տարհանվել է: Տուժածներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Հրդեհին բարդության երկրորդ աստիճան է տրվել:  Հրշեջներին հաջողվել է մարել կրակի աղբյուրը: Պատահարի հանգամանքները պարզվում են: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ էլ հրդեհ էր բռնկվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում: Խոշոր հրդեհի հետեւանքով 64 մարդ զոհվեց, այդ թվում՝ 41 երեխա: Այս պատահարից հետո ռուսական իշխանությունները խոստացել էին խստացնել առեւտրի կենտրոններում հակահրդեհային ստուգումները:

Չինաստանը պատասխան միջոցներ է կիրառում ԱՄՆ-ի դեմ: Պեկինն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել է Միացյալ Նահանգներից ներկրվող 128 անուն ապրանքների համար մաքսատուրքերի կիրառման մասին: Սա պատասխանն է պողպատի եւ ալյումինի համար Վաշինգտոնի կողմից սահմանված սակագների:

Մարտի վերջին ԱՄՆ նախագահը «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագիր էր ստորագրել, որով թույլատրվում էր սահմանափակումներ կիրառել Չինաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ: Դոնալդ Թրամփը Պեկինին մեղադրում է ամերիկյան մտավոր սեփականության գողության եւ անազնիվ առեւտրային քաղաքականություն վարելու համար. Չինաստանը հերքում է այս մեղադրանքները: Թրամփը նաեւ վստահեցնում է, որ ԱՄՆ-ն առեւտրային պատերազմ չի մղում Չինաստանի դեմ, պարզապես ցանկանում է վերականգնել «ոչ կոմպետենտ» մարդկանց պատճառով հասցված վնասները: Թրամփը նաեւ հաշվարկել է. ԱՄՆ-ն 500 մլրդ դոլարի առեւտրային դեֆիցիտ ունի, եւս 300 մլրդ դոլարի վնաս է կրում՝ մտավոր սեփականության գողության պատճառով:

Հայաստան ցուրտ մթնոլորտային հոսանքներ են ներխուժում. գիշերը մի քանի մարզերում ցրտահարության վտանգ կա: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատում, Արմավիրում եւ Տավուշում, ինչպես նաեւ Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում հողի մակերեւույթին կանխատեսվում է -2-3 աստիճան: ԱԻՆ-ը հատկապես ջերմոցային տնտեսություններին խորհուրդ է տալիս փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերը, հնարավորության դեպքում, նշված ժամերին ոռոգել:

Ապրիլի 4-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, եվրոն՝ ավելի քան 1 դրամով էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 589, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա, ֆունտինը՝ 674 դրամ:

Ապրիլի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ