News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իրենց համար առաջնայինը պետության ու հայրենիքի շահն է, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը եւ ներքին կայունությունը: ՀՀԿ խմբակցությունը, սակայն, դեռ չի որոշել, թե ում թեկնածությունը կպաշտպանի: Շարմազանովը նաեւ բացատրել է թեկնածու չառաջադրելու որոշման պատճառը:

ՀՀԿ խոսնակը նշել է, թե կուսակցական կարգապահությունը ենթադրում է, որ խմբակցության պատգամավորները միասնական պետք է լինեն, միաժամանակ, սակայն, պատգամավորները կաշկանդված չեն իրենց մանդատով եւ կարող են քվեարկել իրենց խղճին համապատասխան:

Իսկ ՀՀԿ-ի կոալիցիոն նախկին գործընկեր Դաշնակցությունը ողջամիտ է համարում թեկնածու չառաջադրելու որոշումը: Կուսակցության հայաստանյան կառույցի ղեկավարը նշել է նաեւ, որ ՀՅԴ խմբակցությունը սատարելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը: «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ իրենք նույնպես թեկնածու չեն առաջադրելու. չեն ուզում դեմ գալ ժողովրդին եւ պաշտպանելու են նրա թեկնածուին:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի որոշման մասին իմացավ Վանաձորում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս: Նա հայտարարեց, որ սա ո՛չ լավ, ո՛չ էլ վատ նորություն է:

Պատգամավորն արձագանքեց նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառմանը: Հանրապետական պատգամավորը Փաշինյանին հորդորել էր հանդիպել իրենց հետ՝ համոզելու, թե ինչու հենց նրա օգտին պետք է քվեարկեն: Փաշինյանը բեմահարթակից հայտարարեց, որ պատրաստակամ է հանդիպել ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ:

Վանաձորում հանրահավաքի ավարտին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արդեն ապրիլի 29-ի ծրագրերը: Ամբողջ հանրապետությունում ժամը 12:00-ից փակելու են ճանապարհները, խաղաղ անհնազանդության երթեր են անցկացնելու, իսկ երեկոյան ժամը 19:00-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կկայանա ավանդական հանրահավաքը: Դրա համար Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց ժամը 16:00-ին բացել բոլոր ճանապարհները: Նշենք, որ «Իմ քայլը» նախաձեռնությունն այսօր մինչեւ Վանաձոր հասնելն ավտոերթով եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւանում:

Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շփման գծում այս շաբաթ արձանագրված իրավիճակը՝ նշելով, որ լարվածության նկատելի աճ է գրանցվել: Մասնավորապես, ինչպես հաղորդվել էր նաեւ ավելի վաղ, առաջնագծում հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կուտակումներ եւ ակտիվ տեղաշարժեր են եղել: Իրավիճակին ծանոթացել է պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, խնդրին արձագանքել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իսկ ապրիլի 22-28-ը, ընդհանուր առմամբ, արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 4000 կրակոց:

Ֆերդինանդ Կարապետյանը՝ ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն: Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 73 կգ քաշային կարգում հաղթել է ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին: Հավելենք, որ անցյալ ամիս էլ 26-ամյա մարզիկը արծաթե մեդալակիր է դարձել Եկատերինբուրգում կայացած «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում: Կիսաեզրափակիչում նա հաղթել է 2016 թվականի օլիմպիական չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բազիլեին:

Ապրիլի 29-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը ապրիլի 29-ին 2-4 աստիճանով կնվազի, մայիսի 1-3-ը՝ 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ