Շիրակի պետական համալսարանի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունոըմ:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկումը վկայում է, որ վկայակոչվող խնդիրները լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցները բավարար չեն։

Այս դիրքորոշումը հաստատվում է նաեւ համալսարանի մի խումբ ուսանողների, նրանց ծնողների, համալսարանի որոշ աշխատակիցների Պաշտպանին հասցեագրած դիմումներով, ինչպես նաեւ համալսարանի ֆակուլտետների դեկանների եւ ամբիոնների վարիչների ընտրությունների կազմակերպման գործընթացի, համալսարանի գիտական խորհուրդի էթիկայի հանձնաժողովի ստեղծման արդյունքում դասախոսների աշխատանքից հեռացման հարցի շուրջ առաջացած հանրային մտահոգությամբ։

Նշված խնդիրների առնչությամբ Պաշտպանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը կառաջադրի նախարարության իրավասության սահմաններում վկայակոչվող խնդիրները հնարավորինս արագ հանգուցալուծելուն ուղղված պահանջներ։

Վերը շարադրվածով հանդերձ՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է կրթական հաստատությանը, անհրաժեշտ է գործել համալսարանի կրթական բնականոն պրոցեսն ապահովելու սկզբունքով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտից Շիրակի պետհամալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:

Նշենք, որ նախօրեին ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է: