Եվրոպական երկիրը տառապում է անկողնային ոջիլների ներխուժումից, գրել է BBC-ն։

Ուելսում վնասատուների դեմ պայքարի մասնագետ Գարեթ Դևիսը պատմել է, որ բախվել է վերջին 38 տարվա ընթացքում անկողնային ոջիլներով ամենաուժեղ վարակմանը։ Վերջերս նրա թիմն աշխատել է լրիվ պաշտպանիչ հանդերձանքով և օգտագործել է հատուկ փոշեկուլ՝ միջատներին հավաքելու համար։

«Այդ տունը պարզապես սարսափելի էր», — մեկնաբանել է նա։

Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը, անկողնային ոջիլները կարող են տանը հայտնվել հագուստի, ուղեբեռի կամ կահույքի միջոցով և թաքնվել ներքնակներում կամ պատերի մեջ։ Վարակման հիմնական նշանը քոր առաջացնող խայթոցներն են՝ դասավորված գծով կամ խմբով։

Դևիսը պատմել է, որ ոջիլներից ազատվելը դժվար է, բայց հնարավոր։ Սովորաբար օգնում է վարակված սպիտակեղենն ու հագուստը տաք ջրով լվանալը, առնվազն 30 րոպե տաք ռեժիմով չորացնելը և տան կանոնավոր մաքրությունը։

Դևիսը պատմել է, որ վերջին բռնկման ժամանակ իր թիմը սկզբում օգտագործել է հատուկ փոշեկուլներ, որպեսզի հնարավորինս շատ ոջիլներ հեռացնի, ապա տարածքը մշակել է հատուկ միջատասպանով, իսկ բոլոր ներքնակներն ու կարկասները փաթեթավորել և ուղարկել է այրելու։

NHS-ի տվյալներով՝ ոջիլներով վարակվելը կապված չէ վատ հիգիենայի հետ․ դրանք հանդիպում են ինչպես մաքուր, այնպես էլ կեղտոտ տներում, սակայն կանոնավոր մաքրությունն օգնում է դրանք հայտնաբերել վաղ փուլում։