Իտալական խոշորագույն ընտանեկան գինեգործական տնից՝ Marchesi Antinori-ից գողացել են 5 մլն եվրո արժողությամբ պրեմիում դասի գինու խմբաքանակ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է Financial Times թերթը։
Ընկերության պահեստի վրա հարձակումը Կորտոնայում տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին։ Յոթ պրոֆեսիոնալ գողերից բաղկացած խումբը մտել է օբյեկտ այն պահին, երբ ընկերությունը պատրաստվում էր արժեքավոր շշերի խմբաքանակն ուղարկել արտասահմանյան հաճախորդներին։
Հանցագործներն անջատել են ազդանշանային համակարգը և երկու բեռնատարով դուրս են բերել մոտ 30 հազար շիշ։ Գողացված ալկոհոլի մանրածախ գինը տատանվում է մեկ շշի համար 150-500 եվրոյի սահմաններում։ Թերթն ընդգծել է, որ կողոպուտը դարձել է ամենախոշորը թե՛ Իտալիայում, թե՛ աշխարհում՝ գողացված գինու քանակով և արժեքով։
Antinori-ի գլխավոր տնօրեն Ռենցո Կոտարելան հույս է հայտնել հավաքածուի վերադարձի վերաբերյալ և շուկային կոչ է արել զգոն լինել։ Նրա խոսքով՝ ընկերությունը ցանկանում է պաշտպանել գնորդներին կասկածելի աղբյուրներից ցածր գներով գողացված գույք ձեռք բերելուց։
«Այս գինիները մեծ արժեք ունեն, և ես չեմ հասկանում, թե ինչպես կարող են նրանք այդ ամբողջ գինին վաճառել ողջ աշխարհում՝ մնալով աննկատ։ Գինեգործարանում մարդիկ լաց էին լինում։ Խոսքը միայն գինու արժեքի մասին չէ, խոսքը շատ ավելի մեծ բանի մասին է», — ասել է Կոտարելան։





























