News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ուժային կառույցների ղեկավարները մեկը մյուսի հետեւից լքում են պաշտոնները: Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է պաշտոնանկ անել Վլադիմիր Գասպարյանին եւ Գեորգի Կուտոյանին: Արմեն Սարգսյանն արդեն Հայաստանի ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին պաշտոններից ազատելու հրամանագրեր է ստորագրել:

Նիկոլ Փաշինյանն արդեն ներկայացրել է Հայաստանի ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր թեկնածուներին, նախագահ Արմեն Սարգսյանը՝ հաստատել: Նախագահի հրամանագրով՝ ոստիկանապետ է նշանակվել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն՝ Արթուր Վանեցյանը: Փաշինյանի որոշմամբ էլ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը:

Ավելի վաղ էլ հրաժարականի մասին հայտարարել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտոնից հրաժարվելու որոշում են կայացրել նաեւ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ինչպես նաեւ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն էլ ոչ միայն պաշտոնից է հրաժարվել, այլեւ լքել է Հանրապետական կուսակցության շարքերը:

Եվս մեկ պատգամավոր հրաժարվեց մանդատից: Մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ՀՅԴ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Արմեն Բաբայանը: Նա, ինչպես նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ավալյանը, Ազգային ժողովում ներկայացված էին «Գրանդ Հոլդինգի» կողմից: Ընկերության սեփականատերեր Միքայել ու Կարեն Վարդանյաններն այսօր հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց ներկայացուցիչները հրաժարվել են մանդատից, քանի որ նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլեւս չի լինելու:

Արա Բաբլոյանն այսօր արդեն ստորագրել է Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը. Ավալյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մեկ շաբաթ առաջ: Նրան Ազգային ժողովում կփոխարինի ՀՀԿ համամասնական ցուցակի 195-րդ հորիզոնականը զբաղեցնող Հակոբ Հակոբյանը. նա «Կիլիկիա» գործարանի սեփականատերն է: Իսկ Արմեն Բաբայանին ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը, Աղվան Վարդանյանի փոխարեն էլ խորհրդարան կգնա Ռուզան Առաքելյանը:

Այսօր Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով ակցիա է անցկացվել Երեւանի քաղաքապետարանի մոտ: Ցուցարարները պահանջում են նաեւ արձակել ավագանին: Ակցիային միացել են նաեւ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւ «Ելք»-ից Դավիթ Խաժակյանը: Վերջինը նշել է, որ իրենց խմբակցությունում դեռ չեն քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը:

Ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն ունի: Այս պարագայում ինչպե՞ս է «Ելք»-ը պատկերացնում քաղաքապետի փոփոխությունը: Հավելենք, որ այսօրվա ակցիայի մասնակիցները նշել են, որ ոչ մի կապ չունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հետ:

«Սասնա ծռերի» գործով այսօրվա դատական նիստը չի կայացել: Պաշտպանների խոսքով՝ այսօր պետք է ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդություններ քննվեին: Փաստաբաններն առաջարկում են կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությունը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ նշում է, որ իրենց համար անընդունելի է գործով մի քանի ամբաստանյալների խափանման միջոցը փոխելը, իսկ սպանության մեջ մեղադրվողների կալանավորման որոշումը պահպանելը: Պաշտպանները նաեւ գործով դատավորների եւ մեղադրողների հրաժարականն են պահանջում:

Երեւանում եղբայրը կացնահարել է եղբորը: Հաղթանակ թաղամասում իրավապահները հայտնաբերել են 61-ամյա Աշոտ Ասոյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերին հարվածի հետքեր կան: Իրավապահները սպանությունը կատարելու մեջ կասկածում են զոհի հարազատ եղբորը՝ 52-ամյա Արամ Ասոյանին: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել, կասկածյալը ձերբակալված է:

Մայիսի 10-ին դոլարը սկսել է արժեզրկվել, էժանացել է նաեւ եվրոն: Դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 577, ռուբլունը՝ 7 դրամ 81 լումա, ֆունտինը՝ 660 դրամ:

Մայիսի 11-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ