News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամենասպասված մարզական իրադարձության մեկնարկը տրված է. Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Այն, ի դեպ, առաջին անգամ է անցկացվում Արեւելյան Եվրոպայում: 30 րոպե տեւած շքեղ արարողությանը մասնակցեցին հանրահայտ երգիչ Ռոբի Ուիլյամսը եւ լեգենդար ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասն ու Ռոնալդուն։

Աշխարհի 21-րդ առաջնության մեկնարկային խաղի արդյունքը տպավորիչ էր. Ռուսաստանի հավաքականը 5:0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի թիմին: Մարզադաշտում խաղին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետեւում էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմադ Սալման ալ Սաուդի հետ: Նշենք, որ առաջնության մեկնարկային խաղին ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետը

Իսկ NEWS.am-ն Աշխարհի առաջնությունը կլուսաբանի աննախադեպ ձեւաչափով: Ֆուտբոլասերներին ենք ներկայացնելու 30 մասից բաղկացած բլոգային հատուկ նախագիծ. «Աշխարհի առաջնությունը Վերայի եւ Դավիթի հետ» ամենօրյա շարքը՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Նախագծի գլխավոր գործընկերը TotoGaming-ն է, գործընկերը՝ UCOM-ը:

Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանի օրը հագեցած է եղել: Հայաստանի վարչապետն այսօր այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի, Նարեկացու անվան վարժարան, իսկ հետո մասնակցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացմանը. այն տեղադրվել է Հայրենական Մեծ պատերազմի մոսկովյան թանգարանում:

Հայաստանի դեսպանատանը կազմակերպված աշխատանքային ճաշի ընթացքում էլ վարչապետը տեղի հայ գործարարներին է ներկայացրել բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերը, խոսել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունների մասին: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է նաեւ Դմիտրի Մեդվեդեւի հետ. սա երկու երկրների վարչապետերի առաջին հանդիպումն էր:

«Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը ձերբակալվել են: ԱԱԾ-ում հաստատում են լուրը: ԱԱԾ-ականները, հիշեցնենք, երեկ խուզարկություն էին կատարել հիմնադրամի աշխատասենյակներում եւ սեւ տոպրակներ տարել իրենց հետ: Ծառայության գործողությունների պատճառը քաղաքացիների բողոքն էր այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ, սակայն դրանց մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել, այլ հափշտակվել է:

Ազգային անվտանգության ծառայությունն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության դեպք է բացահայտել: Հանցակիցներն Իրանի եւ Հայաստանի քաղաքացիներ են: Իրանի քաղաքացին 10 կգ ափիոն եւ հերոին է բերել Հայաստան՝ փորձելով իրացնել, սակայն Կապանում ձերբակալվել, իսկ հետո կալանավորվել է: Կալանավորված է նաեւ նրա հայաստանցի հանցակիցը: Հայտնաբերված թմրանյութերը շուրջ 920 հազար դոլար է գնահատվում: ԱԱԾ-ն փորձում է բացահայտել հանցավոր խմբի մյուս անդամներին:

Երվանդ Մանարյանը վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է անցել: 94-ամյա դերասանը հունիսի 11-ին ազդրի հատվածում կոտրել էր ոտքն ու հիվանդանոց տեղափոխվել: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում: Մանարյանը, ամեն դեպքում, շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում կմնա: Դերասանի հետ ֆիզիոթերապեւտներ են աշխատում, որպեսզի հնարավորինս արագ կազդուրվի եւ կարողանա քայլել:

Նախօրեի անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացել են: Հունիսի 14-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 570, ռուբլունը՝ 7 դրամ 76 լումա, ֆունտինը՝ 648 դրամ:

Հունիսի 15-19-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 15-16-ը 1-2 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ