News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում սպա է մահացել: Զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Հովհաննիսյանի դին հայտնաբերել են այսօր առավոտյան, կզակի եւ գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Դեպքի վայրի զննություն է կատարվել, քննություն է տարվում՝ սպայի մահվան հանգամանքները պարզելու համար: Ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Կեսգիշերին մոտ Կոտայքի մարզում ավազակային հարձակում է տեղի ունեցել. Ձորաղբյուրում դիմակավորված եւ զինված 3 անձ ներխուժել են Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատուն: Մկրտումյանն ու նրա որդին դիմադրություն են ցույց տվել, վնասազերծել հարձակվողներից մեկին, իսկ մյուս երկուսը, անկանոն կրակոցներ արձակելով, փախուստի են դիմել: Վնասազերծված անձը Գյումրիի 42-ամյա բնակիչ Հովհաննես Ռիժենկոն է: Նա ձերբակալված է: Քրեական գործ է հարուցվել, իրավապահները միջոցառումներ են ձեռնարկում՝ հարձակման մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու համար:

Արման Մկրտումյանը հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները մշակել են նախկին դատավորի վերքերը, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացվել: Դեպքի վայրի զննությամբ տան բակում հայտնաբերվել է 16 պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ՝ ինքնակպչուն ժապավեն եւ լինգ: Տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրություններն առգրավվել են:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն եւ 4 դաշինք: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն էր, Հանձնաժողովն էլ դրանք պետք է ուսումնասիրի մինչեւ սեպտեմբերի 3-ը: ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել Ռեֆորմիստների, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայք կամ Հայկազուններ», «Հայաստանի ժողովրդավարական, ազատական միություն», «Երկիր ծիրանի», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններն ու «Լույս», «Երեւանի հանրություն», «Իմ քայլը», «Երեւանցիներ» դաշինքները: Ոստիկանության տվյալներով՝ Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 853.390 քաղաքացի: Քանի որ ընտրություններն արտահերթ են, նախընտրական քարոզարշավն էլ կարճ կտեւի՝ սեպտեմբերի 10-21-ը, իսկ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Նշենք, որ իշխանափոխությունից հետո սրանք առաջին ընտրություններն են Հայաստանում:

Չնայած բնապահպանների ահազանգերին՝ Սեւանից լրացուցիչ ջրառի մասին օրինագիծն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունեց: Այսօր կայացած քվեարկության ժամանակ նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 1 պատգամավոր: Օրինագիծը թույլ է տալիս 2018 թվականին սահմանվածից 40 մլն խ.մ. ավելի ջուր բաց թողնել Սեւանա լճից. այսինքն՝ սահմանված տարեկան 170 մլն խ.մ. ջրի փոխարեն ջրառն այս տարի կկազմի մինչեւ 210 մլն խ.մ., որը պետք է ուղղվի գյուղական 55 հազար տնտեսությունների հողերի ոռոգմանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարն ասում է՝ լրացուցիչ ջրառը 600-700 մլն դրամով կհամալրի Հայաստանի բյուջեն: Կառավարությունում հարցի քննարկման ժամանակ առաջարկ է հնչել գումարն ուղղել լճի խնդիրների լուծմանը կամ ոռոգման համակարգի արդիականացմանը: Ըստ Արթուր Գրիգորյանի՝ նախորդ տարվա լրացուցիչ բացթողումների արդյունքում ստացված 1 մլրդ 645 մլն դրամը դեռ չի ծախսվել: Ամենայն հավանականությամբ, այդ միջոցները նույնպես կօգտագործվեն Սեւանի խնդիրների լուծման, ինչպես նաեւ ոռոգման համակարգի բարելավման համար:

Վրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի ու տարեկանի ալյուրի ներմուծումն ու արտահանումը: Վրացական կողմը կթույլատրի դրանք փոխադրել միայն երկաթուղային կամ ծովային տրանսպորտով: Այդ երկրի ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ արգելքի պատճառը ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների կուտակումներն են: Գործարարները, սակայն, այս կարգավորման դեմ են: Նշում են, որ դրա հետեւանքով հացի գինը կբարձրանա, քանի որ 1 տոննա ներկրված ցորենի գինն առնվազն 30 դոլարով կթանկանա: Բացի այդ՝ բեռնափոխադրումների ոլորտում աշխատող հազարավոր մարդիկ գործազուրկ կդառնան:

Վրացական կողմի այս որոշումը կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա: Թեեւ տրանսպորտի նախարարությունն արդեն հայտնել է, որ նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին պատրաստ է Հայաստան ներկրվող ցորենի համար զեղչային համակարգ կիրառել:

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահի կարծիքով՝ Վրաստանը, որը միշտ հարստացել է Հայաստանի եւ հարեւան երկրների հաշվին, պատահական չի գնացել այս քայլին. վերջին տարիներին, ծանրաբեռնվածության նվազման պատճառով, Փոթիի նավահանգստի տնտեսական վիճակը վատ է: Հրաչ Բերբերյանը նաեւ հաշվարկներ է ներկայացրել. այս պարագայում ցորենի ներկրման տրանսպորտային ծախսերը կավելանան 50-60 դոլարով, արդյունքում հացաբուլկեղենի գները երկրում 10-15 տոկոսով կբարձրանան: Բացի այդ՝ դժվար կացության մեջ կհայտնվեն նաեւ հայ բեռնափոխադրողները:

Օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է Ռուսաստանի որոշ մարզերից կենդանի խոզերի, խոզի մսի, դրանից պատրաստված արտադրանքի, խոզի բոլոր տեսակի կերերի, ինչպես նաեւ կենդանի թռչնի, թռչնամսի եւ այլ արտադրանքի ներմուծումը Հայաստան: Սննդի անվտանգության պետական ծառության տեղեկացմամբ՝ այս սահմանափակումների նպատակը խոզերի աֆրիկյան ժանտախտի եւ թռչնի գրիպի մուտքը Հայաստան կանխելն է: Ռուսաստանում այս հիվանդությունների դեպքերի մասին հայտնել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը:

Արմավիրի մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել: Երեկ երեկոյան մարզի Քարակերտ գյուղից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածին բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի եւ վրացական համարանիշերով Iveco մակնիշի բեռնատարը: Ողբերգական պատահարը 4 մարդու կյանք է խլել: Ըստ տեղեկությունների՝ մահացածները հայր ու որդիներ են: Նրանք Արմավիրի Լեռնագոգ գյուղի բնակիչներ էին՝ 42-ամյա Մարատ Արսենյանը եւ 15-ամյա Արթուր, 14-ամյա Վահան եւ 7-ամյա Արգիշտի Արսենյանները:

Օգոստոսի 29-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 563, ռուբլունը՝ 7 դրամ 10 լումա, ֆունտինը՝ 621 դրամ:

Օգոստոսի 30-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ