News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի սեպտեմբերի 8-ին: Ռուսաստան այցի մասին վարչապետը հայտնել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, իսկ այցի ժամկետների մասին տեղեկացրել են Կրեմլից: Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Այցի ընթացքում վարչապետը կհանդիպի նաեւ Մոսկվայի հայ գործարարների հետ: Նշենք, որ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Փաշինյանի երրորդ այցը կլինի Ռուսաստան:

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում թեժ իրավիճակի մասին հայտարարությանը. Ռուսաստանին մտահոգում է, որ «Հայաստանում տասնամյա վաղեմության իրադարձություններ են քննվում, կալանավորվում են իրականացվում»: Ռուսաստանցի պաշտոնյայի հայտարարությունը վարչապետը կատակով է մեկնաբանել:

Փաշինյանը նորմալ է համարում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի ցանկությունը: Ասել է՝ բոլոր նրանք, ովքեր օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն եւ ցանկություն կունենան մասնակցելու ընտրություններին, կմասնակցեն: Ինչ վերաբերում է մեկ այլ նախկին նախագահի. մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին երկրի նախագահ դարձնել: Վարչապետը սա աբսուրդ է որակել:

Արցախի անկախության օրը Հայաստանը շատ բարձր մակարդակով ներկայացված էր Ստեփանակերտում: Սա էլ՝ ի պատասխան տարակուսանքին, թե ինչո՞ւ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանն Արցախում չէր:

Եվ, վերջապես, վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի՝ «սեւի ու սպիտակի» եւ «մեր թիմի դեմ խաղ չկա» աղմկահարույց հայտարարության մասին: Փաշինյանը կարծում է՝ թյուրըմբռնում է եղել:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Որոշումը կայացրել է Հատուկ քննչական ծառայության քննիչը: Նախկին նախագահի պաշտպանները դեռ չեն ծանոթացել որոշմանը եւ չեն մեկնաբանում այն: Փոխարենը վաղը մամուլի ասուլիս են հրավիրել:

Մինչ այս որոշումը հայտնի էր դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մի քանի օրով մեկնել Հայաստանից, սակայն տեխնիկական խնդիրներ են առաջացել: Հայկ Ալումյանի տեղեկացմամբ՝ ՀՔԾ-ն չի վերադարձրել նախկին նախագահի անձնագրերը: Փաստաբանը սա օրենքի խախտում, կամայականություն է որակել՝ նշելով, որ քննարկում են դրա դեմ պայքարին ընթացք տալու հարցը: Ալումյանը չի բացառել, որ կարող են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Հայաստանի երկրորդ նախագահը կալանավորվել էր, իսկ ավելի ուշ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել:

«Երեւան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաեւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը. նա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր: Իսկ հարցաքննության օրը, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով, քննչական խումբն է որոշելու: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խարդախություն կատարելու հոդվածներով քրեական գործը հարուցվել է երկու քաղաքացու բողոքի հիման վրա: Նրանք պնդում են, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին խոշոր չափերի գումարներ փոխանցել:

Ինչ վերաբերում է նոր բացահայտումներին. Արթուր Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, այլ չի հրապարակում բացահայտումները: Ասում է՝ ի սկզբանե դեմ է եղել ծառայության հրապարակային գործունեությանը:

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել: «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերնագրով հոդվածը հրապարակել է «Hetq.am»-ը, իսկ գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության հատկանիշներով:

Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, սակայն, հոդվածի հիման վրա քրեական գործ հարուցելու հիմք չի տեսնում: Ասում է՝ ճշմարտությունը պարզ դառնալուն պես նախաքննական մարմինն այն արագ կկարճի: Նա նաեւ վստահեցնում է, որ Վլադիմիր Գասպարյանը ոչ ոքի գույքին չի տիրացել. հոդվածում նշված առանձնատունը ձեռք է բերել նրա ընկերը, ամբողջ գումարը վճարել է՝ 2 մլն դոլարից ավելի, պարզապես հիմա, ըստ Աթանեսյանի, նախկին սեփականատերերը, շահարկելով Վլադիմիր Գասպարյանի անունը, փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել:

Արցախում ավտովթարի հետեւանքով զինծառայող է մահացել: Պատահարի հետեւանքով զոհվել է Պաշտպանության բանակի 28-ամյա պայմանագրային զինծառայող Վազգեն Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դոլարի վերելքը շարունակվում է, եվրոն էժանանում է: Սեպտեմբերի 4-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 559, ռուբլունը՝ 7 դրամ 09 լումա, ֆունտինը՝ 620 դրամ:

Սեպտեմբերի 5-ին հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ