«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել առաջնորդից եւ իջնել մինչեւ ամենավերջին օղակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման խորհուրդ տվեց Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն, ի պատասխան հարցին, թե ինչպես 2-3 տասնամյակում Սինգապուրը կոռումպացված երկրից դարձավ ամենացածր կոռուպցիայի մակարդակն ունեցող երկրներից մեկը: Նա նշեց, որ իրենց երկրում օրենք ընդունեցին, ըստ որի, եթե որեւէ անձ ձեռք է բերում գույք, որը չի համապատասխանում իր ստացած եկամուտներին, ապա նա պետք է պատասխան տա դատարանում դրա համար: Մինչ այդ, ըստ նրա, դատախազությունը պետք է ապացուցեր, որ քո ձեռք բերած գույքն անօրինական ճանապարհով է ձեռք բերված, այնինչ հիմա ինքդ պետք է ապացուցես, որ քո գույքը օրինական ճանապարհով է ձեռք բերված:
Այնուհետեւ համեմատություն անցկացնելով Սինգապուրի ու Հայաստանի ազգային անվտանգության խնդիրների միջեւ նշեց, որ Սինգապուրը եւս շրջապատված է մահմեդական երկրներով, բայց կարողացել է ցատկ կատարել եւ ակնհայտորեն տնտեսական զարգացվածությամբ առաջ անցնել իր հարեւաններից: «Պարտադիր չէ ընկերություն անել հարեւան երկրի հետ, բայց պետք է նվազագույնը նորմալ հարաբերություններ ունենալ նրանց հետ»,- ասաց Լի Կուան Յուն:




























