Իսրայելն իրավունք ունի միացնել օկուպացված Արեւմտյան ափի գոնե մի մասը: Այդ մասին հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դեւիդ Ֆրիդմանը New York Times-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Արեւմտյան ափի միացումը որոշ չափով օրինական կլինի: «Որոշակի հանգամանքների դեպքում, ես կարծում եմ, որ Իսրայելն իրավունք ունի պահպանել Արեւմտայն ափի մի մասը»,-ասել է նա:

Նրա մեկնաբանությունները կարող են խորացնել պաղեստինցիների դիմադրությունը ԱՄՆ-ի երկար սպասված խաղաղ ծրագրի նկատմամբ:

Պաղեստինցիները մերժել էին այդ ծրագիրը նախքան դրա հրապարակումը՝ հղում անելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք գործողություններին, որոնք, նրանց խոսքերով, ցույց են տալիս, որ նրա վարչակազմը կանխակալ է:

Պաղեստինյան պետության ստեղծումն այն տարածքներում, ներառյալ Արեւմտյան ափը, որոնք Իսրայելը օկուպացրել էր 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ, անցյալում Մերձավոր Արեւելքում բոլոր խաղաղ ծրագրերի կենտրոնում էր: