News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բախվել է իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ իր աջակիցների կողմից մեղադրանքների հետ՝ Ստամբուլում քաղաքապետի իր թեկնածուի պարտությունից հետո, գրում է The New York Times-ը:

Ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում: Նրա մրցակիցն էր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Այժմ Էրդողանին ուժեր են հարկավոր, որպեսզի նա դիմանա իր քաղաքական կարիերայում խոշոր պարտությանը:

Պարտությունը տանջալից էր Էրդողանի համար: Ստամբուլը նրա հարազատ քաղաքն է, իսկ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քաղաքում իշխում էր 25 տարի, սակայն երկրորդ փուլ անցկացնելու նրա որոշումն ու այդ կապակցությամբ հիասթափությունն իրենց ազդեցությունը ունեցան:

Հունիսի 23-ին կայացած ընտրություններում Իմամօղլուն հաղթել է՝ հավաքելով ձայների 54%-ը, իսկ Յըլդըրըմը՝ 45%-ը:

Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն որոշ ժամանակ անց, սակայն Իմամօղլուն արդեն շնորհավորանքներ է ընդունում հաղթանակի կապակցությամբ:

«Ապտակ ժողովրդին»,- գրել է Evrensel թերթը, որը հաճախ է քննադատում Էրդողանին:

«Ստամբուլը կատարեց իր ընտրությունը»,- ասվում էր հակակառավարական թերթերի գլխագրերում:

Էրդողանի հասցեին քննադատությունները սկսվել էին մարտին, երբ նա չեղարկեց այդ ընտրությունների քվեարկության արդյունքները:

«Մեծ հարց է՝ վերջին հաշվով նա կշարունակի՞ անվտանգության այդ պարանոիդալ վիճակը կամ կփոխի՞ ուղղությունն ու կփորձի՞ բարեփոխում իրականացնել»,- ասում է միջազգային հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդի ավագ գիտաշխատող Ասլի Այդինտասբասը:

Այժմ Էրդողանի  ամենամեծ խնդիրը, The New York Times-ի խոսքով, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ ֆինանսների նախկին նախարար Ալի Բաբաջանի ղեկավարած շարժումն է: Գյուլն ու Բաբաջանը մտադիր են նոր կուսակցություն ձեւավորել:

Էրդողանը, ամենայն հավանականությամբ, որոշ փոփոխություններ կանի, սակայն չի կարող ապակայունացնել իր միությունը Դեւլեթ Բախչելիի եւ Ազգայնական շարժում կուսակցության հետ: Այդ դաշինքի շնորհիվ նա մտադիր է ապահովել իր նախագահությունն ու խորհրդարանում մեծամասնությունը:

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները մեծացրել են ապագայում Էրդողանի համար ռիսկերը, քանի որ նրա կուսակցությունը հույս ունի աջակիցներից ֆինանսավորում ստանալ գործնական աշխարհում եւ ընկերություններում, որորնք շահ ունեն մունիցիպալ պայմանագրերից:

Այժմ ոչ միայն Էրդողանն է կորցրել այդ աղբյուրների հասանելիությունը, այլ Իմամօղլուն է ստացել այդ հասանելիությունը: Եվ, հավանաբար, դրանք պարունակում են փաստեր նախագահի աջակիցների եկամուտների եւ ծախսերի մասին:

Իմամօղլուին այն 17 օրերի ընթացքում, որոնք անցկացրել է պաշտոնում՝ նախքան նրան կստիպեին հրաժարական տալ, հաջողվել է հայտնաբերել, որ Ստամբուլի քաղաքապետը տասնյակ ավտոմեքենաներ եւ միլիոններ է ունեցել, այն դեպքում, երբ քաղաքը պարտերի մեջ էր խրված;

Բացի այդ, թուրքական թերթերը գրում են, որ Ստամբուլի քաղաքապետարանն անցած տարի միլիոնավոր դոլարներ է վճարել բարեգործական հիմնադրամներին, որոնք պատկանում են Էրդողանի ընտանիքի անդամներին:

Կառավարամետ Aksam թերթը որպես գլխավոր սյուժե ներկայացրել է Թուրքիա-ԱՄՆ վեճը՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ՝ այն անվանելով «սուվերենության հարց»:

«Այսօր հանրությունը զգում է հին դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դավաճանությունը»,- գրում է Հաքքի Օջալը կառավարամետ Daily Sabah թերթում:

Էրդողանը չի հրաժարվի այդ համակարգերից՝ չնայած ԱՄՆ-ի առարկություններին:

Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ բիզնես առաջնորդներն Էրդողանին խորհուրդ են տվել ազատ արձակել լրագրողներին եւ ակտիվիստներին՝ այդպիսով հարթելով ԵՄ հետ հարաբերությունները:

Ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկը՝ Օսման Քավալան, որին անվանում են թուրքական Ջորջ Սորոս, այսօր դատարանի առջեւ է կանգնել 19 ամիս ձերբակալությունից հետո: Նրան մեղադրում են 2013թ. Թաքսիմ հրապարակում զանգվածային բողոքի ակցիաները սատարելու եւ կառավարությունը տապալելու փորձի մեջ:

NYT-ի խոսքով՝ սոցցանցերում եւս նկատվում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների եւ նախկին աջակիցների չարությունը:

Քեմալ Օզթուրքը՝ կառավարամետ «Ենի շաֆաք» թերթի նախկին վերլուծաբանը, որը կապ ունի կառավարական շրջանակների հետ, ասում է, որ Էրդողանի շրջապատի անձնական շահը վնասել է նրանց:

«Նրանք ստոր քայլեր էին անում, քանի որ իրենց շահերը վեր էին դասում: Նրանք վնաս էին հասցնում կրոնին, հավատին: Ստամբուլի կորուստն այդ ամենի համեմատ ոչինչ է»,- Twitter-ում գրել է նա:  

«Մենք բարոյական գերակայություն կորցրեցինք: Մենք կրկին կարող ենք հույս լինել, քանի որ մենք ունակ ենք անկեղծ ինքնաքննադատության: Դրա համար մենք պետք է հրաժարվենք անցյալի միֆերից եւ նայենք ապագային ու երիտասարդների երազանքներին, կենտրոնանանք ռացիոնալության, օրենքի գերակայության, իշխանության տարանջատման եւ հիմնական իրավունքների վրա»,- Twitter-ում գրել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Եներօղլուն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ