News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

«Հայերի ասամբլեա» հասարակական կազմակերպությունը եւ ՎՏԲ-Հայաստան բանկը ստորագրել են համաձայնագիր՝ համատեղ ծրագրի թողարկման վերաբերյալ։ Այն նշանավորում է Armenia Guide հարթակում վիրտուալ զբոսաշրջային քարտեզի ստեղծման աշխատանքների մեկնարկը։ Վիրտուալ մուլտիարժութային զբոսաշրջային քարտեզը Armenia Guide հարթակում հասանելի կլինի արդեն 2020թ․։

««Հայերի ասամբլեայի» հիմնական նպատակը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ամբողջ աշխարհի հայկական սփյուռքի կոնսոլիդացիայի նոր մեխանիզմների որոնումն է, եւ այդ մեխանիզմներից մեկը ինովացիոն արտադրանքի եւ ինովացիոն խողովակների որոնումն է։ Armenia Guide-ը մի հարթակ է, որը անմիջական ֆինանսական բաղադրիչ է պլանավորում եւ կարող է Հայաստան զբոսաշրջիկների ներգրավման կենդանի մեխանիզմ դառնալ։ Ինչպես նաեւ Armenia Guide-ը ոչ միայն գիդ է Հայաստանում, այլեւ գիդ է հայկականի հետ կապված ամեն ինչում։ ՎՏԲ-ն այս ծրագրում ոչ միայն ռազմավարական գործընկեր է, եւ մենք հուսով ենք, որ հաճախորդների լայն բազայի եւ ՎՏԲ-ի տեխնոլոգիականության հաշվին մեզ կհաջողվի լսելի լինել մինչեւ վերջին հաճախորդը»,- նշեց «Հայերի ասամբլեայի» հասարակական խորհրդի նախագահ Վահե Ենգիբարյանը։

Նշենք, որ «Հայերի ասամբլեայի» գործնական եւ մշակութային նախաձեռնությունների այս նախագիծը «ՎՏԲ-խմբի-Visa 2019 մանրածախ բիզնեսի մասին ինովացիոն ֆորումի» շրջանակներում կազմակերպված մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել՝ որպես լավագույն ինովացիոն ստարտափ-որոշում։

«ՎՏԲ-Հայաստան բանկը միշտ սատարում է հետաքրքիր գաղափարներն ու առաջարկությունները, հատկապես, եթե հարցը ստարտափներին է վերաբերում․ սկսնակ ձեռներեցներին նրանց բիզնեսի զարգացման հարցում աջակցելը մեր առաջնահերթություններից մեկն է։ Armenia Guide-ում մեր վիրտուալ զբոսաշրջային քարտեզների միջոցով զբոսաշրջիկները հեշտությամբ կարող են արտասահմանից դրամական փոխանցումներ իրականացնել եւ միաժամանակ հասանելիություն ունենալ վիրտուալ քարտեզի 4 հաշիվներին։ Այս նախագիծն ուղղված է ինչպես Հայաստանում  ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջությանը եւ սպասարկումների լիակատար մատուցման օգնությամբ զբոսաշրջային ապրանքների դիվերսիֆիկացիային»,- նշեց ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը։

Տելեգինի խոսքով, Հայաստան զբոսաշրջիկների հոսքը մեծանում է, նրանց թիվն արդեն անցել է 2 միլիոնից, իսկ այցի ընթացքում միջին կտրոնը բավական բարձր է՝ մոտ 880 դոլար։

«Մեզ համար նախագիծը շատ կարեւոր է, քանի որ, առաջին հերթին, այն շատ ինովացիոն բնույթ ունի եւ բանկին զբոսաշրջային ոլորտից նոր հաճախորդներ ներգրավելու հնարավորություն է տալիս։ Ծրագրվում է, որ վիրտուալ մուլտիարժութային զբոսաշրջային քարտեզը կթողարկվի 2020թ․ առաջին կեսին»,- ասաց Տելեգինը։

«Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտեզ» նախագիծը, որը կիրականացվի Armenia Guide հարթակում, Visa միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում մանրածախ բիզնեսի զարգացման եւ թվայնացման ինովացիոն լուծումներ առաջարկող լավագույն նախաձեռնություն։

Նրա խոսքով՝ տեխնոլոգիան բավականին պարզ է, թվային, ինչը լիովին համապատասխանում է բանկային շուկայի միտումներին: Դա հեռակա կարգով քարտը բացելու, հեռակա կարգով հաճախորդին նույնականացնելու հնարավորություն է՝ հետագայում արդեն իրական քարտի օգտագործման հնարավորությամբ:

Այդ թվում նա նշել է, որ քարտը ակնթարթային հասանելիություն է տրամադրում այն ծառայություններին, որոնք առաջարկում է պրոդուկտը, եւ նոր հնարավորություններ, որոնք հետագայում կախված կլինեն պահանջարկից: Քարտը նախատեսում է նաեւ բոնուսների կուտակում, ինչի հաշվին հաճախորդների համար ծառայությունների մի մասը կդառնա առավել էժան կամ բոնուսներով:

Ինչ վերաբերում է արժույթի կոնվերտացիային, ապա, ինչպես նշել է բանկի ղեկավարը, զբոսաշրջիկների մոտ հաճախ թանկ կոնվերտացման հետ կապված խնդիրներ են ծագում:

«Որպես կանոն, զբոսաշրջիկները փոխանակման կետեր են օգտագործում, առավել հաճախ օդանավակայաններում, որտեղ փոխարժեքը ոչ միշտ է համապատասխանում սպասելիքներին, եւ մենք հավելվածում կոնվերտացման արտոնյալ կուրս կառաջարկենք, որը հաճախորդներին թույլ կտա նաեւ միջոցներ տնտեսել եւ դրական տրամադրվածությամբ սկսել ճանապարհորդությունը»,- ասել է Տելեգինը:

Նշենք, որ արդեն 2020 թվականին մուլտիարժութային վիրտուալ քարտը հասանելի կլինի զբոսաշրջիկների եւ Հայաստանի բնակիչների համար, այն կընդլայնի երկրի տարածքում ճանապարհորդության հնարավորությունները: Քարտը նաեւ հնարավորություն է տալիս հենց հավելվածում վճարել ծառայությունների ու պրոդուկտների համար (կինոյի տոմսեր, հյուրանոցի ամրագրում, ռեստորաններ, տուրեր եւ այլն), ակնթարթորեն վիրտուալ քարտեր ձեւակերպել՝ հեռակա կարգով նույնականացում անցնելով անմիջապես հավելվածից տեսազանգի օգնությամբ, հասանելիություն ստանալ վիրտուալ քարտի միանգամից 4 հաշիվներին (AMD, USD, EUR, RUR), զբոսաշրջային նպատակների համար արտասահմանից վիրտուալ քարտի վրա փոխանցումներ կատարել եւ կոնվերտացման արտոնյալ կուրս ստանալ տարբեր ծառայությունների համար վիրտուալ քարտով վճարման ժամանակ: Անցկացված տրանզակիցաների համար օգտատերերը նաեւ կկարողանան բոնուսային բալեր կուտակել եւ հետագայում փոխանակել գործընկերային ապրանքների եւ ծառայությունների հետ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ ֆինանսական միջազգային խմբի մասնակից է դարձել 2004-ի ապրիլին: Այժմ Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ին է պատկանում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» բաժնետոմսերի 100%-ը: Բանկն ավանդաբար ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջնորդների թվում ըստ հիմնական ցուցանիշների:  

Տպել