News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության  իրավապաշտպան  համակարգող  խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում «Հրապարակ» օրաթերթի դեմ հայց է ներկայացրել` պահանջելով 2մլն 40 հազար դրամ` իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու, իր տղայի անունը շահարկելու համար: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Մ. Խաչատրյանը:

«Ես մինչեւ վերջ գնալու եմ: Կարծում եմ, որ արդարությունը կհաղթի եւ ժամանակն է, որ լրագրողները գրիչները չթափեն սեւազգեստ մայրերի վրա: Եթե լրագրողը գլուխը հանգիստ բարձին է դնում, այդ մայրերի որդիների շնորհիվ է: Ես թույլ չեմ տա, որ նսեմացնեն սեւազգեստ մայրերին»,- ասաց նա:

Մարգարիտա Խաչատրյանը հերքեց, որ «Հրապարակի» խմբագրությունում ինքը խփել է, ծեծել, բաժակներ ջարդել: Մարգարիտա Խաչատրյանի խոսքով` ինքը գնացել էր հերքում պահանջելու, բայց իրեն դուրս են արել. «Ես իրենց էլ  հեռախոսով ասել եմ, որ չտպեք, դա իրականությանը չի համապատասխանում: Առանց իմ կարծիքը հաշվի առնելու, իրենք տպել են հոդվածը: Ես փաստաթղթերով գնում եմ, որ ապացուցեմ «Հրապարակին», իսկ ինձ դուրս են անում: Հերքում պահանջել եմ, բայց ինքը թղթերը պատառոտեց եւ ինձ ասեց` քեզ ճանաչում ենք»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատարանից որեւէ ծանուցում չեն ստացել. «Ես դա բնական եմ համարում, որովհետեւ երբ մարդ գալիս է, ջարդուփշուր է անում, սպառնում է, հայհոյում է եւ իր նկատմամբ գործ հարուցելու վտանգը կա, ինքը պաշտպանական քայլեր է ձեռնարկում: Ոչ հերքում է պահանջել, ոչ որեւէ բան է արել, դիմում է դատարան, իսկ օրենքը դա պարտադրում է»,- ասաց Արմինե Օհանյանը:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի նյութի պատճառով Մարգարիտա Խաչատրյանը, «Հրապարակի» փոխանցմամբ, ներխուժել էր  թերթի խմբագրություն, ծեծկռտուք էր  սարքել, կոտրել էր բաժակներն ու մարմնական վնասվածք հասցրել խմբագիր Արմինե Օհանյանին: Լրագրողները  ահազանգել էին ոստիկանություն, որը տեղ է հասել բավականին ուշացումով: Թերթի խմբագիրը ոստիկանությունում ցուցմունք էր տվել տեղի ունեցածի առթիվ: Ավելի վաղ էլ Մարգարիտա Խաչատրյանը NEWS.am-ի թղաթկցի հետ զրույցում ասել էր.«Ես վիրավորանք կուլ չեմ տա, «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում ինձ վիրավորել են, ես էլ նրանց եմ վիրավորել, քաշքշուկ էլ է եղել, չեմ հրաժարվում, որ նման բան եղել է, ու քաշքշելու եմ: Իմ զոհված մինուճար տղայի անունը տա՞, ասի տղայիդ արյունը ծախո՞ւմ ես»,-ասել էր նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ