News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մադագասկարում հազվագյուտ ատամներով «խելագար գազանի» մնացորդներ են գտել։ Հինավուրց բրածոների հանելուկը լուծել հաջողվել է Դենվերի բնության եւ գիտության թանգարանի եւ Լուիսվիլի համալսարանի պալեոնթոլոգների ջանքերով, հայտնում է HichTech-ը՝ հղում անելով Nature-ին։

Մի քանի տարի առաջ Դենվերի բնության եւ գիտության թանգարանի համակարգող Դեւիդ Քրաուզեն դիմել է Լյուիսվիլի համալսարանի անատոմիական գիտությունների եւ նեյրոկենսաբանության ամբիոնի պրոֆեսոր Գիլյերմո Ռուժյեին: Քրաուզեն գործընկերոջը խնդրել է օգնել նույնականացնել բրածո կենդանուն, որին նա գտել էր Մադագասկարի արշավի ընթացքում:

«Երբ դոկտոր Քրաուզեն ցույց տվեց ինձ ամբողջությամբ պահպանված բրածոյին եւ հարցրեց իմ կարծիքը, ես պատասխանեցի, որ երբեք նման բան չեմ տեսել,- հիշում է Ռուժյեն,- Այս կաթնասունը ուներ ատամներ, որոնք պարզապես նմանը չունեն»:

Ռուժյեն, ով պալեոնթոլոգ է եւ մասնագիտանում է հենց հին կաթնասունների գանգերի ու ատամների ուսումնասիրության մեջ, միացել է հետազոտողների միջազգային խմբին՝ քարացած մնացորդների մանրամասն ուսումնասիրման համար։

Բրածոն զարմանալիորեն ամբողջությամբ էր պահպանվել, ինչը շատ հազվադեպ է լինում հին կաթնասունների մոտ, որոնք ապրել են այն դարաշրջանում, ինչ որ դինոզավրերը։ Ռուժյեն գրում է, որ այդ արարածը նման է եղել կուղբի կամ փոքր կապիբարի։

Հետազոտական խումբը կենդանուն անվանել է Adalatherium, որը թարգմանվում է որպես «խելագար գազան», ինչը արտացոլում է նրա արտառոց բնութագրերը։

Գիտնականները գտնված կաթնասունին տեղադրել են Հարավային կիսագնդի տարբեր մասերում հայտնաբերված gondwanatherians-երի շարքում։ Ռուժյեն կենդանու գանգն ու ատամներն օգտագործել է, որպեսզի պարզի՝ ինչպես կապել նրան այլ կաթնասունների հետ, որոնք ապրել են նույն ժամանակաշրջանում կամ դրանից հետո։

«Կաթնասունների ատամները արտացոլում են դրանց ծագումը, սննդակարգը եւ շրջակա միջավայրը: Adalatherium-ի դեպքում ձեւաբանությունն այնքան յուրահատուկ է, որ դժվար է օգտագործել այն նշանները, որոնք մենք սովորաբար օգտագործում ենք ընտանեկան հարաբերությունների հաստատման համար, ասել է Ռուժյեն,- Կաթնասունների համակարգվածությունը եւ էվոլյուցիան մեծապես կախված են ատամների ձեւից, այնպես որ, երբ ատամներ չկան, կամ դրանք այնքան տարօրինակ են, որ չգիտես, թե ինչ անել դրանց հետ (օրինակ՝ մրջնակերների, կետերի, քրահակիրների եւ մողեսների դեպքում), խնդիրներ են սկսվում»։

Adalatherium- ը այն ժամանակներից է, երբ Մադագասկարը Հնդկաստանից առանձնացված կղզի էր եւ տեղաշարժվում էր դեպի Աֆրիկա, բայց մինչ աֆրիկյան ազդեցությունը դեռ չէր հայտնվել: Այսպիսով, դա բնության «փորձարկում» էր, այն բանի օրինակը, ինչը կոչվում է կղզու կենսաաշխարհագրություն կամ կղզիների էվոլյուցիա, բացատրել է Ռուժյեն։

Իսկ Քրաուզեն հավելել է, որ Adalatherium-ը ընդամենը մեկ, բայց կարեւոր մաս է Հարավային կիսագնդում կաթնասունների վաղ էվոլյուցիայի վերաբերյալ շատ մեծ հանելուկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ