News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երկուշաբթի առավոտյան Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 351 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4823-ի: Ապաքինվել է 2019-ը, մահացածների թիվը հասել է 61-ի: Կորոնավիրուսի ախտորոշմամբ, բայց այլ հիվանդություններից մահացածների թիվը 25 է: Շաբաթ գրանցվել էր վարակվելու 189 եւ մահվան 5 դեպք, կիրակի՝  239 նոր դեպք եւ 3 մահ:

2718 ակտիվ դեպք ունենք եւ 100-ից ավել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ընդգծել է, որ  Հայաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակված 351 մարդու դիմաց Վրաստանում այդ թիվը եղել է  6: «Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվն է՝ 4823, Վրաստանում՝ 701։ 100 հազար մարդու հաշվով Հայաստանում վարակվել է 172 մարդ, Վրաստանում՝ 18 մարդ, իսկ աշխարհում՝ 63 մարդ»,- նշել է նա:

Երեւանի Նորքի տուն ինտերնատում վարակակիրների թիվը հասել է 45-ի, որոնցից  28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող  տարեցները: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Հոսպիտալացված 14 տարեցներից 3-ի վճակը այս պահին ծայրահեղ ծանր է:

Մենք առաջնահերթություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողները տանը չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը, ասուլիսում ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:  31 հազար ծնողի շրջանում հարցում է արվել եւ նրանցից մոտ 11 հազարը ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ: Վիրաբյանը նշել է, որ մանկապարտեզներն օրական երկու անգամ կախտահանվեն։ Այն աշխատկիցները, որոնք կանոնները չեն պահպանի, այդ աշխատակիցներից մենք շատ արագ կազատվենք, ընդգծել է փոխքաղաքապետը:

Մանկապարտեզները գործելու են մայիսի 20-ից, իսկ այսօրվանից, պարետի որոշմամբ, աշխատում են Երեւանի մետրոպոլիտենը եւ հանրային տրանսպորտը՝ խիստ կանոնների պահպանմամբ: Բացվել են նաեւ վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները, հանրային սննդի օբյեկտները, մարզասրահները, առեւտրի կենտրոնները, մոլերը,  գրասենյակները, փակ արտադրամասերը, շինհրապարակները:

NEWS.am-ը փոքրիկ հարցախույզ է անցկացրել Երեւանի փողոցներում դիմակներ եւ ձեռնոց կրելու  վերաբերյալ։

Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի 5 ժամ տեւած ասուլիսը, որտեղ նա ներկայացրել էր կառավարության ձեռքբերումների 100 փաստ, որոնց թվում Տավուշում ընձառյուծի հայտնվելը եւ իր կնոջ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանվելը,  հանրության ուշադրությունը գրավել է Արցախյան խնդրի կարգավորման հատվածով, երբ բանախոսը մի քանի անգամ արել է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունը՝ իշխանություններ բառի փոխարեն:

Փաշինյանը դժգոհել էր, որ ոմանք փորձում են օրինական ընտրված իշխանություններին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել՝ անընդհատ ասելով՝ վայ, ինչ է տեղի ունենում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը ընդդիմադիր լինելու տարիներին եւ վարչապետի պաշտոնում, մասնավորապես Միլանում հայ համայնքի հետ հանդիպմանը մեղադրում էր նախկին իշխանություններին առ այն, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է օրինակ նաեւ Մեղրիի տարբերակը:

Նույն ասուլիսում Փաշինյանը հայտարարել է նաեւ, թե ինչպես կարելի է նացիզմի կողմնակից լինելու մեջ մեղադրել Հայստանին, երբ Ալիեւն անձամբ կազմակերպում է նացիստական ռեժիմի գործակցի փառաբանումը։ Վարչապետը ցույց է տվել Գերմանիայի կողմն անցած ադրբեջանցի լեգեոնականների համազգեստը, պաշտոնաթերթը եւ այլն:  Այդ կերպ վարչապետն արձագանքել է ռուսական մամուլում Իլհամ Ալիեւի մեղադրանքներին, թե Նժդեհը Հայաստանում մեծարվում է որպես հերոս, մինչդեռ  ժամանակին համագործակցել է նացիստների հետ:

Ի դեպ, Գարեգին Նժդեհը ռուսական բանակի կազմում մասնակցել է առաջին համաշխարհային, ոչ թե բալկանյան պատերազմին, ընդ որում՝ միայն առաջինին, քանի որ մեկ տարի անց եղել է նաեւ երկրորդ Բալկանյանը: 1912-ին Նժդեհը որպես հայկական վաշտի հրամանատար, կռվել է Բուլղարական, ոչ թե ռուսական բանակի կազմում:

Այս ասուլիսում Փաշինյանը, որը դեռ 2018-ին հայտարարում էր «մարտի 1-ի գործի» ամբողջությամբ բացահայտված լինելու մասին, արձանագրել է, որ, մեջբերենք՝  «հնարավորություն տրվի՝ դատաքննություն տեղի ունենա, շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա»: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ մարտի 1-ի փաստական հանգամանքները արդեն հաստատվել են դատական ակտերով, Փաշինյանն ամեն կերպ փորձում է վերաշարադրել պատմությունը եւ մաքրվել մարտի 1-ի խարանից, ինչը երբեք չի ստացվելու, իսկ այս գործը զավեշտ  եւ ծաղր է իրավունքի նկատմամբ։

Պետական վերահսկողական ծառայության կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին  հրապարակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և  Սանասարյանի ֆեյսբուքյան նամակագրությունը՝  նախարարությունում ՊՎԾ-ի իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ։ Նամակագրությունը վերաբերում է դիալիզի համար մրցույթին եւ մենաշնորհներին։

Ինֆորմացիա կար, որ ՊՎԾ Գնումների վերահսկողության վարչության նախկին պետ Սամվել Ադյանի վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի ՊՎԾ լիազորությունները կասեցված պետի դեմ ցուցմունք գրի,  լրագրողների հետ զրույցում ասել է Սանասարյանը։ Ադյանը քննիչին գրում է, որ խնդրում է՝ ինձ հրավիրեք առանց պաշտպանի։

Քննչական կոմիտեն պարզել է այս տարվա փետրվարի 9-ին Վանաձորում ավտոմատի կրակահերթերով 30-ամյա երկու մարդու սպանության հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Մարտի 7-ին Վանաձորի 40-ամյա բնակիչը իր համաքաղաքացուն, ձեռքերով, ոտքերով, այնուհետեւ նաեւ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել: Պարզվել է, որ հենց նա է եղել Վանաձորի 2 բնակիչների ենթադրյալ սպանողը: Պատվիրատուն էլ եղել  է նրա հայրը:

Արդեն 8 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակում փոփոխություն չկա եւ հնարավոր է մայիսի վերջին տեղափոխեն տուն եւ տանը կազմակերպեն նրա խնամքը: Այս  մասին  NEWS.am-ին ասել է սպայի եղբայրը` Կարեն Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը եւ նա գրավով ազատ էր արձակվել։

Facebook-ի իր էջի ուղիղ եթերում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խոսել է՝ իր ձեւակերպմամբ՝ հարյուրավոր միլիոն դրամների հասնող մեքենայություններից, որոնց մասին ոչ դատախազությունը, ոչ էլ քաղաքապետարանը չեն խոսում: Այս տարվա հունվարին պետական գրանցում ստացած «Էտալոն գրուպ» ընկերությունը, Խաժակյանի խոսքով՝  մասնակցում է շինարարության տեեխնիկական հսկողություն իրականացնելու մրցույթներին եւ նվազագույն արժեք առաջարկելով՝ հաղթում, Երեւանի քաղաքապետարանից ստանում շուրջ 35 մլն դրամ արժողությամբ  պայմանագիր: Արդյո՞ք բանկային երաշխիքի փաստաթղթերը կեղծվել են սեփական ռիսկով,-հարցրել է «Լույսի» ներկայացուցիչը եւ նշել, որ «Ռաշն վոյաժի»  տնօրենը Վահագն Ղալումյանն է, որի ազգակցական կապը Փաշինյանի քավոր եւ Մտերիմ Հայկ եւ Վահե Ղաուլմյանների հետ՝ առայժմ ենթադրյալ է:

Ինչպես եւ ենթադրել էր Խաժակյանը, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարել է, թե քաղաքապետարանը կեղծիքը բացահայտել է, սակայն դրա մասին չի իրազեկել հանրությանը, քանի որ դրա անհրաժեշտույունը չի եղել: Ժամանակին քաղաքապետը հանձնարարել էր առերեւույթ իրավախախտման մասին ծանուցել իրավապահներին

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 միլիոն 805 հազար դեպք: Մահվան դեպքերի թիվը հասել է 317 հազարի, առողջացել է 1 միլիոն 860 հազար մարդ: Վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 1,5 միլիոնից ավելի, երկրորդ տեղում  Ռուսաստանն է՝ գրեթե 282 հազար, երրորդը՝ Իսպանիան՝  278 հազար: Իտալիան «նահանջել է» 6-րդ տեղ: Իսկ Չինաստանում, որտեղ համավարակը սկսվել էր, հիմա 13-րդ տեղում է եւ նոր դեպքեր այնտեղ  գրեթե չեն գրանցվում: Ի դեպ՝ Չինաստանը 2 միլիարդ դոլար օգնություն կտրամադրի վիրուսի դեմ պայքարող երկրներին։

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 2.01 դրամով ու կազմել 485.88 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.37 դրամով ու կազմել  525.04 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.48 դրամով  ու կազմել 588.89 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու հասել է 6.67 դրամի։

lՀանրապետության տարածքում մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս անձրեւներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12 +14, վաղը ցերեկը՝ +27 +29:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ